Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՔԱՆԵՐԸ

Հուլիս 13,2018 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ քսանվեցերորդ

ԱՐՔԱՆԵՐԸ

Եվ Հրանտը Ֆրունզիկին ասաց՝ «Մալյանը քեզ էլ ա լիքը նվերներ արել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մալյանն ամենից շատ հենց ինձ ա նվերներ արել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իրա բոլոր ֆիլմերում ինձ նկարել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «էն առաջին՝ «Նվագախմբի տղաներից» սկսած», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Ֆրունզիկին ասաց՝ «Հենրիկն էլ կարծում ա՝  դու ես իրան նվերներ արել», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Հրանտին հարցրեց՝ «այսինքն», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «այսինքն, դու ես նվեր արել, որ համաձայնվել ես իր ֆիլմերում խաղալ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ավելի եմ շահել, քան՝ ինքը», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երկուսդ էլ հավասարապես շահել եք», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես Հենրիկի շնորհիվ ճանաչում եմ ձեռք բերել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքն էլ պակաս ճանաչում ձեռք չի բերել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քո շնորհիվ», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարեւորն էն ա, որ ես ու ինքը ոչ մի անգամ իրարից չենք խռովել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու հեգնանքով Ֆրունզիկին ասաց՝ «փոխարենը՝ Սոսի հետ ես կլոր տարին խռով», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «ամեն անգամ Սոսն ինքն ա խռովում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «լոռեցիները շա՜տ խռովկան են», եւ Փելեշյանը ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «Հրանտին ու Սոսին նկատի ունե՞ս», եւ Հրանտը թարս նայեց Փելեշյանին ու ասաց՝ «քեզ նկատի ունի» եւ մի քիչ մտածեց ու հեգնանքով ավելացեց՝ «խռովկանների արքա», եւ Ֆրունզիկը ժպտալով Փելեշյանին ասաց՝ «ես էլ գիտեի՝ դոկումենտալիստների արքան ես», եւ Հրանտը հեգնանքով ասաց՝ «ինքը մի քանի գծով ա արքա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «խռովկանության գծով էլ հավասարը չունի», եւ Փելեշյանը Հրանտին զարմացած հարցրեց՝ «հետդ քանի՞ անգամ եմ խռովել», եւ Հրանտը մի քիչ  մտածեց ու ասաց՝ «չեմ հաշվել», եւ Փելեշյանը Հրանտին ասաց՝ «որ խռով չենք էղել, ի՞նչը  պիտի հաշվեիր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «խռով չենք էղել, բայց ահագին ժամանակ իրար հանդեպ սառնություն դրսեւորել ենք», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «էդ սառնությունն էլ ավելի շատ քո կողմից ա դրսեւորվել», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «ես էդ կարծիքին չեմ», եւ Ֆրունզիկը ժպտալով ասաց՝ «էրկուսիցդ էլ հավատալու ա», եւ Փելեշյանը զարմացած նայեց Ֆրունզիկին ու հարցրեց՝ «ի՞նչն ա հավատալու», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «էրկուսդ էլ սարթ մարդիկ եք», եւ Հրանտը Ֆրունզիկին հարցրեց՝ «այսինքն, ո՞նց ենք սարթ», եւ Ֆրունզիկը բավական երկար մտածեց ու ասաց՝ «բառերով չեմ կարա բացատրեմ», եւ Խորենը Ֆրունզիկին ասաց՝ «որ չես կարում բացատրես, տեղդ հանգիստ նստի, թե չէ հիմի էրկուսով կմիանան ու բմբուլներդ քամուն կտան», եւ Հրանտը փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «էս Գորկու պողոտան չի, որ բալեշչիկներդ օգնության հասնեն»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031