Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Քաղաքական որոշումը մեկն է. բոլորը հավասար են օրենքի առաջ»

Հուլիս 12,2018 23:44

Բրյուսելից Երեւան վերադարձի ճանապարհին Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, անդրադարձավ ոչ միայն Բրյուսելում ունեցած հանդիպումներին, այլեւ որոշ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրների:

Մասնավորապես, նա տեղեկացրեց, որ ոչ մի խոսակցություն` Ադրբեջանի նախագահի հետ հավանական հանդիպման մասին, չկա: Այդ թեմայի շուրջ նա նաեւ նկատեց. «Եթե մի կողմը ոչ թե խաղաղ կարգավորման է պատրաստվում, այլ անընդհատ ագրեսիվություն է ցուցաբերում, նշանակում է հարցը լուծելու մթնոլորտ չկա: Սա միջազգային հանրությունը պետք է արձանագրի, իսկ մենք էլ պետք է արձանագրենք իրավիճակը եւ պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, վարչապետը ասաց. «ՆԱՏՕ-ի հետ երկու առաքելություն ենք իրականացնում` Կոսովոյում եւ Աֆղանստանում, մեր մասնակցությունը միանշանակ կշարունակենք այդ ծրագրերին, եթե լինեն հետագա ծրագրեր` կքննարկվեն: Ամեն ինչ ըստ անհրաժեշտության է քննարկվում, մենք ոչ մի կաշկանդվածություն չունենք որեւէ խնդիր կամ համագործակցությւոն քննարկելու, բոլոր հարցերը` բացառապես ՀՀ շահերի համատեքստում»:

Անդրադառնալով ներքին խնդիրներին, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի` հարցաքննության չներկայանալու եւ դրան ինչ-ինչ գործողություններ հետեւելու մասին հարցին, Փաշինյանը ասաց. «Որոշումները ոչ թե ես եմ կայացնում, դրանք օրենքով կարգավորված որոշումներ են, մեխանիզմները կան, թե ինչ է պատահում, երբ մեկը չի ներկայանում հարցաքննության: Ես իմ կողմից կարող եմ միայն ասել, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Եթե մի բան նախատեսվում է օրենքով, դա որեւէ պաշտոնյայի քմահաճույքով չպիտի լինի»:

Նա նաեւ շեշտեց, որ ոչ թե կոնկրետ ընտանիքիների, կոնկրետ անձանց «հետեւից են գնում», այլ շարժվում են օրենքով` եթե կա անձ, որ դիմում է գրում, կամ կա օպերատիվ տեղեկատվություն, տրվում է ընթացք, դա քաղաքական որոշումներով տեղի չի ունենում. «Քաղաքական որոշումը մեկն է` բոլորը հավասար են օրենքի առաջ, մնացածը` պիտի լինի օրենքով սահմանված կարգով»:

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի հրաժարականին եւ նոր քաղաքապետի ընտրությանը, Փաշինյանն ասաց. «Ավագանին նիստ կանի, եթե կընտրի նոր քաղաքապետ` կընտրի, եթե չէ` արտահերթ ընտրություներ կլինեն»: Ինչ վերաբերում է ԱԺ ընտրություններին, եւ այդ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը, ՀՀ վարչապետն ասաց. «Ես` որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովում առաջին քննարկման ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեցի` ինքնասպանություն գործեց ՀՀԿ-ն, ինքնասպանություն գործած քաղաքական ուժը ո՞նց է կոնսոլիդացվելու: Ես հանրահավաքի ժամանակ ասել եմ` Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է, հիմա` քաղաքական դիակը ո՞նց է ընտրությունների գնալու»:

Անդրադարձ եղավ նաեւ Սասնա ծռերին ազատ արձակելուն, վարչապետն ասաց, որ դատարաններն իրենք պետք է որոշում կայացնեն. «Դեռ կան դատավորներ, որ չեն հավատում, որ այն ամենը, ինչ կատարվում է իրենց շուրջ, իրականություն է, նրանք պետք է հասկանան, որ պետք է անկախ որոշումներ կայացնեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031