Արագածոտնի մարզի Ագարակ գյուղը Վեոլիա ջուր ՓԲԸ համակարգում տարվող աշխատանքների հերթական հասցեն էր, ուր մենք այցելեցինք՝ իրականացվող ծրագրին ծանոթանալու նպատակով:
Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արեւմուտք» տարածաշրջանային տնօրինության համակարգող, ավագ ճարտարագետ Սարգիս Սահակյանը, իրենց խնդիրն ու նպատակը հետեւյալն է:
Նախ՝ իրավիճակի մասին: Գյուղի տարածքով ձգվում է մոտ 3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ 3 ջրագիծ: Ընդ որում վերջիններս, սա էլ ասենք, ըստ էության տարանցիկ են, դրանցից օգտվող բաժանորդներ այստեղ չկան: Ջրագծերը գնում եւ հեռվում ինչ-որ տեղ միանում են Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղերը սնուցող ու իր ճանապարհը դեպի Էջմիածին շարունակող համակարգին: Մինչդեռ ֆիզիկական մաշվածության պատճառով այս խողովակաշարերը կենարար հեղուկի կորստի են բերում: Նույն հանգամանքով պայմանավորված, այստեղ նաեւ հաճախակի են վթարները: Իսկ դրանք վերացնելը դժվար է, որովհետեւ խողովակաշարերն անցնում են բնակիչների այգիներով ու սեփականաշնորհված այլ տարածքներով: Ո՛չ ինքդ կմտնես, ու ո՛չ էլ տեխնիկա կմտցնես առանց հողատերերի թույլտվության:
Մի խոսքով, անելանելի վիճակ էր ստեղծվել: Ավելի ճիշտ, ելքը մեկն էր. այդ տարածքները շրջանցող նոր ջրագիծ կառուցելը, ինչը եւ ներկայումս իրականացնում են տնօրինության մասնագետները: Ընդ որում, ընտրվել է դեպի նպատակը տանող ամենակարճ ուղին, որի շնորհիվ ջրագիծը կունենա ընդամենը 300 մետր երկարություն: Նաեւ կկառուցվի 3 դիտահոր՝ փականային հանգույցով՝ վերը նշված ամեն մի գյուղի համար մեկական:
Աշխատանքները թափով առաջ են ընթանում, թեեւ գրունտի բարդությամբ պայմանավորված, էքսկավատորը ոչ միայն շերեփն է օգտագործում, այլ նաեւ մուրճը: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացնում է Սարգիս Սահակյանը, թերեւս 2 շաբաթից գործը վերջացնեն: Գրունտը՝ գրունտ, բայց իր մասնագետների վարպետությանը նա վստահ է: Եւ հետո, բնակիչների ակնկալիքը բավարարելու խնդիրը կա: Չի կարելի նրանց հուսախաբ անել: Մարդիկ տեսնում են գործն ու սպասում ավարտին: Հին, դեռեւս գործող ջրագիծն ապամոնտաժելու ու նորով ջուր տալու համար, ըստ նրա, առավելագույնը ջրամատակարարման երկու կանգառ կհայտարարվի: Կհավաքեն 5-6 բրիգադ, որ նույնքան տեղերից միաժամանակ միացումներ տան:
Այսպիսով, սպառողներին պատճառվող անհարմարությունը նվազագույնի կհասցվի: Իսկ «փոխհատուցումը» լիարժեք կլինի. վթարների բացակայություն ու վայրկյանում 15-20 լիտր լրացուցիչ ջուր, որը բոլորովին ավելորդ չի լինի այս շոգ օրերին:
«Վեոլիա ջուր» ընկերության Հանրային կապերի ծառայություն