Լրահոս
Օրվա լրահոսը

Ուլրիխ Զայդլ. «Միշտ չէ, որ մարդիկ սիրում են նայել հայելու մեջ, իմ ֆիլմերն այդպիսին են»

Հուլիս 12,2018 17:47

ՀԲԸՄ-ում հուլիսի 12-ին հյուրընկալվել էր աշխարհահռչակ ռեժիսոր Ուլրիխ Զայդլը: Նա երկրորդ անգամ է մասնակցում «Ոսկե ծիրանին»: 2008-ին նրա «Ներմուծում-արտահանում» ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրանի» մրցանակին:

Նա չհամաձայնեց հնչեցված դիտարկման հետ, թե իր ֆիլմերը լուսանցքում հայտնված մարդկանց մասին են, ասաց, որ հերոսները սովորական, միջին կարգի մարդիկ են՝ իրենց ամեն ինչով:

Զայդլը նշեց, որ մինչեւ ֆիլմ նկարելը երկարատեւ փնտրտուքների մեջ է լինում, հետազոտություններ կատարում, հանդիպումներ է ունենում, ու այդ ամենի արդյունքում, իր խոսքերով, հյուսվում է իր տիեզերքը:

Ինչ վերաբերում է սցենարներին, Զայդլն ասում է, որ դրանք սովորաբար տարբերվում են համընդհանուր օգտագործման համար գրված սցենարներից: Բայց միաժամանակ դրանք նաեւ այնպես են գրվում, որ կարողանան ֆինանսավորում գտնել:

Օրինակ, իր հայտնի՝ «Դրախտ» եռապատումը ստեղծելիս, ասում է, որ երկու տարի անցկացրել է Աֆրիկայում, որպեսզի «Դրախտ.սեր»-ի համար անհրաժեշտ լողափային մաչոների հետ ծանոթանա, անգամ ապրել է նրանց ընտանիքներում:

Ռեժիսորը հավելում է, որ նույնիսկ միջադեպ են ունեցել, երբ դերասանուհիներից մեկը սիրահարվել է սեւամորթ տղայի, ու ինքը ստիպված է եղել պահանջել, որ նա դադարեցնի սիրային կապը, քանի որ այդպես պլանավորված չէր:

Ուլրիխ Զայդլը նշեց, որ իր ֆիլմերում ներգրավված են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ոչ պրոֆեսիոնալ դերասաններ, սակայն ինքը ջանք է թափել, որ հանդիսատեսը չնկատի՝ նրանցից ով է պրոֆեսիոնալ, ով՝ ոչ պրոֆեսիոնալ: Ռեժիսորից տեղեկացանք, որ հաճախ իր ֆիլմերում առկա երկխոսությունները իմպրովիզացված են՝ հանկարծաստեղծված, դերասաններին ազատություն է տրվում՝ համոզիչ լինելու համար:

«Հաճախ է պատահում, որ չեմ իմանում, թե տվյալ ֆիլմս ինչ ավարտ կունենա, երբեմն ֆիլմն ավարտվում է մեկ այլ կերպ, քան պլանավորված էր: Լինում է նաեւ, որ մի քանի օր նկարում ես, սակայն արդյունքի չես հասնում»,-ասաց ռեժիսորը: Նաեւ հավելեց, որ օրինակ՝ «Դրախտ» եռապատումի պարագայում մեկ ֆիլմի փողով երեք ֆիլմ են նկարել, քանի որ հասկացել են, որ նկարված նյութը երեք ֆիլմի կբավարարի:

Իր աղմուկ հանած «Հավատ» ֆիլմի եւ Աստծո հետ հարաբերության մասին խոսելիս, Զայդլը նշեց, որ բոլորին ասել է՝ եթե Հիսուսը չուզենար, այդ ֆիլմը չէր նկարահանվի: Ասաց, որ ֆիլմով ցանկացել է ցույց տալ, թե ինչպես պետք է մարդն աղոթի: Նրա խոսքերով, դա նույնքան ինտիմ ակտ է, որքան մարմնական սերը: Պատասխանելով՝ ընտրած թեմայի վերաբերյալ հնարավոր պարսավանքների արժանացած լինելու մասին հարցին, Զայդլն ասաց, որ Ավստրիայում մի օրաթերթ է լույս տեսնում, որտեղ մի հոգեւորական սյունակ ունի, շաբաթը մեկ անգամ հոդվածներ է գրում: Ու իր ֆիլմից հետո նա գրել է. «Փառք Աստծո, որ Զայդլ ունենք»:

Դիտարկմանը, որ իր ֆիլմերում այն ամենն է, ինչ մարդիկ հաճախ չեն ուզում տեսնել, դրանք հաճախ սադրիչ թեմաներ են կամ թեմաներ, որոնք գուցե չպետք է լինեն կինոյում, Ուլրիխ Զայդլը պատասխանեց. «Պետք է ֆիլմ նկարել այն ամենի մասին, ինչին ինքդ ես հավատում, այլ ոչ թե մտածես՝ ինչ նկարեմ, որ մարդիկ շատ նայեն…Իմ ֆիլմերում չկան լավ ու վատ մարդիկ, չկան բարիներ եւ չարեր, ուղղակի կան սովորական մարդիկ…Իմ ֆիլմերը դիտելու համար մարդիկ պետք է որոշակի հոգեվիճակում լինեն, որովհետեւ միշտ չէ, որ մարդիկ սիրում են իրենց նայել հայելու մեջ»:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ անգամ մեծ ֆինանսավորման պարագայում՝ ո՞ր դեպքում փոխհամաձայնության չէր գնա ֆինանսավորողի հետ, Զայդլն ասաց, որ իր ֆիլմերի ռեժիսորն էլ, պրոդյուսերն էլ ինքն է, ինքը չի նկարում պատվերով ֆիլմեր, եւ եթե լինի փոխհամաձայնություն, ուրեմն պրոդյուսեր Զայդլը պետք է զիջի ռեժիսոր Զայդլին, ինչպես միշտ է պատահում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031