Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Վ. Կարմիրաղբյուրի բնակչին դատում են Ադրբեջան գնալու փորձի համար

Հուլիս 12,2018 17:27

Այսօր՝ հուլիսի 12-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Գեւորգ Լեւոնի Չոբանյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2018թ. մայիսի 1-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դիմաց գտնվող ՀՀ ՊՆ N զորամասի կողմից վերահսկվող մարտական դիրքի տարածքով փորձել է հատել Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը եւ մուտք գործել Ադրբեջան:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով («Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 100-200 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում:

Նախկինում հայտնել ենք, որ 1975թ. ծնված Գ. Չոբանյանը սահմանապահներին ասել է, որ ինքը ցանկացել է ադրբեջանցիներին թուղթ հանձնել, որն ապացուցում է, որ Ղարաբաղը հայկական տարածք է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել