ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Բրյուսելում հուլիսի 11-ին ճանաչողական հանդիպում են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Սա այս ձևաչափում առաջին բարձր մակարդակի հանդիպումն էր Հայաստանում և Ադրբեջանում տեղի ունեցած ընտրություններից հետո, ասվում է ԵԱՀԿ կայքում տարածված հաղորդագրության մեջ:
Նախարարները կարծիքներ են փոխանակել տեղերում տիրող իրավիճակի վերաբերյալ և քննարկել են էական բանակցությունները վերսկսելու համար անհրաժեշտ հետագա քայլերը և չափանիշները: Կողմերը նաև քննարկել են գալիք հանդիպումներում սպասվող որոշ հարցեր, այդ թվում վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք քայլեր:
Համանախագահներն ընդգծել են լարվածությունը նվազեցնելու և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: Նրանք նաև վերահաստատել են իրենց հավատարմությունը՝ օգնելու կողմերին գտնել հակամարտության խաղաղ լուծում՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ արձանագրության հիմնարար սկզբունքների, այդ թվում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ժողովուրդների ինքնորոշման վրա:
Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ