Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են տեղի ունենալու Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները

Հուլիս 12,2018 17:06

Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո այս պաշտոնին հավակնողների անուններ թեեւ չկան, սակայն ավագանու խմբակցություններն ու կուսակցություններն արդեն որոշել են՝ ով պետք է մասնակցի, ով՝ ոչ:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն, օրինակ, հայտարարել է, որ ՀՀԿ-ն չպետք է քաղաքապետի թեկնածու առաջադրի: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության որոշ անդամներ էլ կարծիք են հայտնել, որ ՀՀԿ-ի հեռանալուց հետո պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները եւս պետք է հեռանան իրենց քաղաքական թիմի հետ միասին: ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը վստահեցրել է՝ արդեն քաղաքական որոշում են կայացրել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու. «Կարծում եմ՝ դրանք կլինեն արտահերթ կարգով: Իսկ թե ով կգլխավորի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը, պարզ կլինի առաջիկա օրերին կայանալիք քննարկումներում»:

Երեւանի ավագանին այսօրվա նիստում որոշել է` Երեւանի քաղաքապետի ընտրության օրը հուլիսի 16-ին է:

Ինչպե՞ս են տեղի ունենալու Երեւանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ ով, ինչ հայտարարություն անի, դրանք քաղաքական են, եւ ի վերջո նրանք բոլորը պետք է գործեն օրենքի շրջանակներում, իսկ բուն գործընթացը օրենքը շատ հստակ է նկարագրում. «Առաջինը՝ ավագանին պետք է փորձի ընտրել համայնքի ղեկավար: Տվյալ դեպքում ընտրությունները սովորական ընտրությունների մոդելով չեն: Այսինքն՝ առաջադրման իրավունքը փոխանցվում է խմբակցություններին, անկախ, թե՝ խմբակցությունը քանի անդամ ունի»: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ավագանու երեք խմբակցություններն էլ՝ «Երկիր Ծիրանի»-ին, «Ելք»-ն եւ ՀՀԿ-ն:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշմանը, ապա, ինչպես նկատեց Երիցյանը, սա կարող է լինել այն դեպքում, եթե լինեն ավագանու նոր ընտրություններ: Իսկ ավագանու նոր ընտրություններ կարող են լինել այն պարագայում, ինչպես ասաց Երիցյանը, եթե քաղաքապետի առաջիկա ընտրությունը չստացվի: Այսինքն՝ եթե Երեւանի գործող ավագանին չկարողանա հիմա քաղաքապետ ընտրել, եթե խմբակցությունները թեկնածու չառաջադրեն կամ առաջադրված թեկնածուն չստանա անհրաժեշտ թվով ձայներ, այսինքն՝ երկշաբաթյա ժամկետում եթե ավագանին չի կարողանում ընտրել քաղաքապետ, ապա կառավարությունն օրենքի ուժով լուծարում է ավագանին եւ Երեւանի ավագանու նոր ընտրություններ նշանակում:

Aravot.am-ի հարցին՝ ավագանիում ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ մյուս խմբակցությունների հաղթանակի հնարավորությունն ինչպիսի՞ն է, քանի որ ամենաշատ քվե ստացողն է ընտրվում, հնարավո՞ր է վարչապետ Փաշինյանի ընտրության պես ՀՀԿ-ն համապատասխան ձայներ տա այլ խմբակցության թեկնածուին, Էմին Երիցյանը պատասխանեց. «Դա իրենց ընտրության հարցն է: Քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում եւ ընտրությունները փակ, գաղտնի են, եւ եթե խմբակցությունը ընդհանուր որոշում է կայացնում, կարող է նաեւ խմբակցությունից անհատական քվեարկություն լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031