Պաշտպանության նախարարին կից գործող հանձնաժողովում, որը քննում է զորակոչի ընթացքում զինակոչիկների դիմում-բողոքները, այսօր դիտարկվեց նաեւ Անահիտ Մուրադյանի դիմումը: Տիկինը նշել էր, որ թոռը՝ զինակոչիկ Դ. Մ.-ն, կրծքավանդակի ցավեր ունի, նրա մոտ ախտորոշված է կրծքավանդակի «ռախիտիկ դեֆորմացիա», մինչդեռ ծառայության համար ճանաչվել է պիտանի՝ սահմանափակմամբ: «Կրծոսկրի հատվածում շատ փափուկ է, կարծես ոսկոր չլինի, «փոս» է ընկած…վախենում եմ, միշտ ուշադիր եմ եղել, որ կրծքավանդակին հարված չստանա: Ինչպե՞ս է ծանր զենք կրելու»,-մտահոգվեց տատիկը:
Հանձնաժողովի անդամներն արձանագրեցին, որ զինակոչիկի առողջական վիճակի հետ կապված հավելյալ բժշկական հետազոտությունների կարիք կա:
Անահիտ Մուրադյանը խոստացավ դրանց արդյունքները մի քանի օրից ներկայացնել հանձնաժողովին:
Մեկ այլ դեպքում էլ Մարատ Հովհաննիսյանը գրել էր, որ զինակոչիկ որդին ոտնաթաթի դեֆորմացիա ունի, անգամ դժվարանում է կոշիկ հագնել, ինչի պատճառով արդեն երեք անգամ տարկետում է ստացել: Հանձնաժողովականները միջնորդեցին, որպեսզի նա եւս մեկ անգամ հետազոտվի:
Մյուս դիմում-բողոքն էլ վերաբերում էր զինակոչիկ Թ. Ն.-ին: Նրա ծնողի խոսքով՝ 2015թ.-ին Թ. Ն.-ն գլխի վնասվածք է ստացել, յոթ օր գտնվել կոմայի մեջ, ինչից հետո ունի գլխացավեր, գիտակցության կորուստ, կոնֆլիկտային վարք: Ըստ բժշկական հետազոտությունների՝ նա հոգեպես առողջ է եւ ծառայության համար պիտանի է ճանաչվել:
Հանձնաժողովի անդամները, սակայն, գտան, որ նա կրկին հոգեբուժական հետազոտություն պետք է անցնի: Զինակոչիկն ընդդիմացավ՝ դժգոհելով այդպիսի մասնագիտացմամբ բուժհաստատությունների աշխատակիցների վերաբերմունքից: Նա ասաց, որ չի պատրաստվում հետազոտվել. «Ավելի լավ է գնամ-ծառայեմ, ինձ բարի ծառայություն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ