«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հավակնություններ չունի, որ իր որդին դառնա Հրազդանի քաղաքապետ: Այսօր այդ մասին, խորհրդարանում հայտարարել է պատգամավորը`լրագրողների հետ զրույցում: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` իսկ իր որդին ցանկանո՞ւմ է դառնալ Հրազդանի քաղաքապետ, պատգամավորը պատասխանեց. «Որ դառնա, ես մեծ սիրով կընդունեմ: Իմ որդին արդեն չորրորդ տարին է Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքայինի ղեկավարն է ու էն ժամանակ չգիտեինք, որ չորս տարի հետո իշխանափոխություն կլինի: Նա ՔՊ անդամ է, ինչպես բոլորը, հետո ի՞նչ, որ իմ որդին է: Որ մասնակցի, ի՞նչ է, ես դավաճա՞ն եմ էս ազգի: Ամեն անգամ ասում եք՝ ձեր որդին, ձեր որդին, հա իմ որդին, իմ որդին… Իմ ընտանիքը տանջվել տառապել է էս տականքների ձեռը: Եթե այսօր ինքը կորոշի, որ կդնի իր թեկնածությունը… ժողովուրդն է ընտրելու, ես կամ Նիկոլ Փաշինյանը չենք տարել իմ որդուն պաշտոնի նշանակել: Ընտրություն է լինելու, եթե կմասնակցի, կհաղթի, կդառնա»:
ՀՀԿ-ն, ըստ Սասուն Միքայելյանի, Հրազդանում իշխանության վերադառնալու շանսեր չունի. «Ամոթն ու աբուռը լավ բան է: Թող թողնեն հեռանան: Թող մասնակցեն, բայց եթե ժողովուրդն էսքանից հետո ՀՀԿ-ին պիտի շանս տա…»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ ԵԿՄ նախագահի ընտրություններից: Սասուն Միքայելյանն ասաց, որ այդ պաշտոնում ընտրվելու հավակնություններ էլ չունի:
Ինքը դժվարացավ նաեւ Արամ Սարգսյանի ընտրության մասով ինչ-որ բան ասել: Ասաց`ԵԿՄ անդամներն են առաջադրում թեկնածությունները, համագումարում կերեւա: «Ես կմասնակցեմ համագումարին, բայց թեկնածու չեմ առաջադրվի, ես ասել եմ դրա մասին, ես իմ դերակատարությունն ունեցել եմ երկրապահում: 2004թ.-ին, որ տեսա երկրապահն ուրիշ ճանապարհով է գնում, դուրս եկա, որովհետեւ անհնարին էր ըտեղ բան ուղղել»,- ասաց նա: Նա իր մարտական ընկերներին կոչ է անում`պաշտոնավազքից դուրս գալ, ԵԿՄ-ն պետք է վերականգնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
քո նման մէկը ի՞նչ գործ ունի քաղաքականութեան մէջ, ցաւդ տանեմ… քեզ ու քո նմաններին միայն կարող են չարաչար շահագործել, այդ պիղծ ու զզվելի ոլորտում… պատերազմի դաշտի հետ էք շփոթում, ափսոս…