Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Երանոսյանը ցանկացել է հաշտվել Սասուն Միքայելյանի հետ

Հուլիս 12,2018 14:59

«Էս թավշյա հեղափոխությունը ոնց որ նորածին երեխա լինի, ամեն մեկիս պարտքն է փայփայել այն: Պետք է տանենք դեպի նորմալ անկախություն: Էսօր ժողովուրդն իրան անկախ է զգում, բոլորի դեմքին ժպիտ կա»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը`հավելելով, որ ներհայաստանյան զարգացումներն Ադրբեջանը ցանկանում է օգտագործել եւ «սեւ գիծ» գցել մեզ վրա, բայց մենք պետք է փայփայենք հասարակության համախմբվածությունը եւ կրկին հաղթանակած դուրս գանք, ինչպես միշտ ենք Ադրբեջանի հետ հարաբերություններում հաղթանակած եղել:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը`Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Լրագրողները հետաքրքրվեցին`ո՞րն է Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ, որն այս պահին քննարկվող միակ փաստաթուղթն է: «Դա միջպետական հարց է, որ պետք է քննարկվի լուծվի, անհիմն հայտարարություններ չի կարող անել»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Խոսվեց նաեւ Տարոն Մարգարյանի հրաժարականի եւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին: Սասուն Միքայելյանի կարծիքով, Երեւանի ավագանին պետք է լուծարվի, արտահերթ ընտրություններ լինեն. «Էս ամեն ինչը պետք է մաքրվի, ավագանին նորմալ ընտրված չէ, բերել նշանակել են: Դուք չգիտե՞ք ավագանու ընտրությունները ոնց են անցել: Բռնի ուժ, ֆինանսական ճնշումներ, ընտրակաշառք: Մենք պետք է հնարավորություն տանք ժողովրդին՝ ընտրել»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ճնշելո՞ւ եք ՀՀԿ-ին, որ քաղաքապետի թեկնածու չառաջադրեն: «Մենք իշխանության ենք եկել, որ ճնշում գործադրե՞նք: Ես տրամաբանական չեմ համարում, որ ՀՀԿ-ն ժողովրդին նորմալ ծառայի: Նույն բանը կլինի: Մարդիկ հասել են էն գիտակցության, որ պատկերացնում են, ինչ է կատարվել, ամեն ինչ պետք է գնա լեգիտիմության դաշտ»:

Լրագրողները հիշեցրին, որ հեղափոխական օրերին Սասուն Միքայելյանը վիճաբանություն էր ունեցել Լեւոն Երանոսյանի հետ, որն այդ ժամանակ ոստիկանության պետի տեղակալ էր: Սասուն Միքայելյանը շիշ էր նետել վերջինիս վրա: Լրագրողները հետաքրքրվեցին` այդ միջադեպից հետո հանդիպե՞լ է Լեւոն Երանոսյանի հետ: «Կարոտել եմ, կարոտել եմ Լեւոն Երանոսյանին»,- հեգնանքով պատասխանեց Սասուն Միքայելյանը`հավելելով, որ Լեւոն Երանոսյանը փորձել է կապվել իր հետ եւ ներողություն խնդրել. «Մի անգամ փորձել է կապվել, չստացվավ… Ինքը չէ, ընդհանուր: Նույն բախտին բայց արժանացավ: Ուզեցել է հաշտվի, բայց ես չեմ ուզեցել»: Լրագրողը հումորով նկատեց` նորից շի՞շ եք նետել: Սասուն Միքայելյանը հումորով պատասխանեց. «Ես հո շշաձիգ չեմ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031