ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հուլիսի 16-ին Երեւանի քաղաքապետ չի ընտրվելու: Իր տպավորությամբ, ՀՀԿ-ն, թեպետ ավագանիում մեծամասնություն ունի, բայց թեկնածու չի առաջադրելու եւ քաղաքապետ չի ընտրելու: Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ արդեն սեպտեմբերին Երեւանում ավագանու ընտրություններ են կայանալու: Այսօր այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
ԲՀԿ-ն անպայման մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, իսկ Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակը էականորեն տարբերվելու է ԲՀԿ գործող խմբակցությունից։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ դեռ չի կարող ասել, թե ո՞վ կգլխավորի իրենց ցուցակը Ավագանու ընտրություններում, բայց վստահ է`իրենք ունեն գործիչներ, ովքեր կարող են լինել Երեւանի քաղաքապետ:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ խորհրդարանում ԸՕ-ի քննարկումներից: Նաիրա Զոհրաբյանն ասաց`ինքը վաղը պատրաստվում է առաջարկել, որպեսզի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներից խորհրդարանական ձևաչափը դադար վերցնի: «Մենք առաջարկում ենք, որ երկու ֆորմատները համատեղվեն, բայց կարծես կառավարության համար դա ընդունելի չէ, եթե իհարկե Դանիել Իոաննիսյանը ներկայացնում է կառավարության տեսակետը: Այս փուլում ես չեմ տեսնում, թե ի՞նչ պետք է անի խորհրդարանական ֆորմատը»,- ասաց նա:
Aravot.am-ի հարցին`քննարկումների ընթացքից տպավորություն չունի՞, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է շրջանցել իր նախկին հայտարարությունները`ԸՕ փոփոխությունների եւ արտահերթ ընտրությունների շուրջ պայմանավորվածություններում կոնսենսուսով առաջնորդվելու մասին: Տիկին Զոհրաբյանը պատասխանեց, որ ինքը նման տպավորություն չի ստացել, քանի որ ամեն օր խորհրդակցությունների մեջ է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ եւ ոչ նրանից, ոչ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանից նման բան չի լսել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ