«Քրեական համաներում, անպայման, պետք է հայտարարվի»,- այսօր խորհրդարանում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ ՔԿՀ-ները գերծանրաբեռնված են, իսկ բազմաթիվ կալանավորներ կան, որոնք հանրության համար վտանգ չեն ներկայացնում:
Նա կառավարության անդամներին կոչ արեց`գնալ ՔԿՀ-ներ և տեսնել, որ կալանավորներ կան, որոնք ունեն այնպիսի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանավայրի պայմանների հետ. «Բեռնաթափեք ՔԿՀ-ները, հայտարարում եք, թե գնում ենք այլ ճանապարհով, բայց վերջին շրջանում կատեգորիկ չի քննարկվում այս հարցը»: Պատգամավորը կարեւորում է նաեւ վաղաժամկետ ազատ արձակելու հարցի քննարկումները:
Ինքը վերջերս եղել է «Արմավիր» ՔԿՀ-ում, այնտեղ մի կալանավոր կա, որը 8 տարի պատիժը կրել է, մի քանի ամիս է մնում ազատ արձակվելուն. հիմա նա կուրանում է, բայց վաղաժամկետ ազատ չի արձակվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ