Հուլիսի 11-ին Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրությամբ դիմել է Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ Հանրայինի եթերով հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը ցուցադրելու առաջարկով:
Հայաստանի Հանրային Հեռուստառադիոընկերության
Խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին
Պարոն Ջաղինյան,
Ինչպես հայտնի է, 2008թ. փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում տեղի են ունեցել լայնածավալ ընտրակեղծարարություն, այնուհետ սահմանադրական կարգի տապալման ճանապարհով՝ իշխանազավթում: Այս մասին ասված է նաեւ վերջերս հրապարակված Հատուկ քննչական ծառայության հայտարարության մեջ:
Այս ամբողջ ժամանակահատվածում, ընդհուպ մինչեւ Թավշյա հեղափոխության հաղթանակը, այդ ոճրագործությունը կատարած իշխանությունն ամեն ինչ արել է այն պարտակելու համար: Ինչպես նաեւ արգելվել է հանրային եթերով այդ իրադրությունների մասին նկարահանված ֆիլմի ցուցադրումը:
Հաշվի առնելով, որ ոճրագործ ռեժիմը հեռացված է իշխանությունից եւ ստեղծվել են նախադրյալներ մամուլի ազատության եւ տեղեկությունների ազատ շրջանառման համար, հաշվի առնելով նաեւ, որ անհրաժեշտ է մեր հասարակությանը եւ ժողովրդին ծանոթացնել այդ ոճրագործության մանրամասներին, Հայ Ազգային Կոնգրեսը առաջարկում է Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրել ականավոր հրապարակախոս եւ ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմը, որը անաչառ ներկայացնում է կատարվածը:
https://www.youtube.com/watch?v=VaYE1XMYOmQ
Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ՝
Լեւոն Զուրաբյան