Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ն հավանություն տվեց «վարչական համաներմանը». դեմ էր միայն Միհրան Պողոսյանը

Հուլիս 12,2018 13:53

Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ`68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծը: Երեկվանից մինչ այսօր`երկրորդ ընթերցում ընկած հատվածում, մի շարք առաջարկներ են ներկայացվել:

Նախագծում ներառվել է ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի առաջարկը: Ըստ այդմ, համաներումը կտարածվի այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են տուգանքները. այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած: «Այսինքն, այն ռեժիմը, որ մեկ տարում կրկին խախտում է անում, եւ այդ խախտման կրկնությունը ծանրացնող հանգամանքներով է հաշվվում. մենք այս ակտով վերացնում ենք ոչ միայն նրանց համար, ովքեր տուգանքը չեն վճարել եւ ազատվում են, այլ նաեւ այն անձանց համար, ովքեր տուգանքը վճարել են»,- ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Այս վարորդները համաներման արդյունքում այլևս չեն համարվի խախտում կատարած:

ԱԺ ՀՀԿ եւ «Ծառուկյան» խմբակցությունների մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերադարձնելուն, համաներումը մինչեւ 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսելուն, կառավարությունը չի ընդունել:

Բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերադարձնել կառավարության մերժողական տրամադրությունը, որը բացատրվում է ֆինանսական միջոցների բացակայությամբ, կրկին արժանացավ ՀՀԿ-ական պատգամավորների քննադատությանը: Հայկ Բաբուխանյանը, հիշեցնենք, առաջարկել էր վաուչերներով հարցը լուծել: Այն եւս մերժվել է:

Խոսրով Հարությունյանն էլ առաջարկեց`համաներման փոխարեն կիրառել պարտքի ներում տերմինը եւ ազատվել գլխացավանքից: Դա էլ է անտեսվել:

Նախագծին միակ դեմ քվեարկող պատգամավորը ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանն էր: Նա մնում է իր կարծիքին`պետք է հավասարություն դնել տուգանքները վճարած եւ չվճարած վարորդների միջեւ: Այդ հարցը, ըստ նրա, կարելի է լուծել հատկացված 13,7 մլրդ դրամը օգտագործելով երկուսի համար էլ. «Սա բարեխիղճ վարորդների նկատմամբ ոչ համարժեք, ոչ ճիշտ մոտեցում է»:

Ընդունված նախագծով, համաներումը չի տարածվի ոստիկանի կարգադրությանը դիտավորյալ չենթարկված քաղաքացիների վրա: Այսպիսով, ոչ բարեխիղճ վարորդներին կներվեն 2012-ից մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումները: Ընդհանուր գումարը կազմում է 13,7 մլրդ դրամ:

Նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700 000 վարչական իրավախախտումների վրա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031