«Դա հնարավորություն տվեց մեզ ևս մեկ անգամ ընդգծել Ֆրանսիայի հաստատուն դիրքորոշումը, պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից: Զերծ մնալ և ընդհանրապես չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք ենթադրվում է՝ կարող են օգտագործվել այս պահին Լեռնային Ղարաբաղում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ արձագանքելով հարցին՝ ի վերջո ի՞նչ խնդիր էր, երբ ադրբեջանական մի կայք տեղեկություն հրապարակեց, որ հանվել է զենքերի էմբարգոն, և Ադրբեջանը կարող է զենք գնել ֆրանսիական ընկերություններից, ինչը մի քանի ժամ հետո հերքվեց:
Դառնալով այն հարցին՝ որքանո՞վ արդյունավետ կհամարեք ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ հաշվի առնելով այն, որ շուրջ չորս ամիս է՝ Ադրբեջանը մեծ կուտակումներ է կատարում հայ-ադրբեջանական սահմանին, և դրանք հետ չեն քաշվում, պարոն դեսպանը պատասխանեց. «Դա սպասված հանդիպում էր բանակցային գործընթացի այս ժամանակահատվածում: Այստեղ ևս Ֆրանսիան հաստատուն է իր որդեգրած դիրքորոշմանը, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ լուծում, որը կարող է դիմել ուժի կիրառման: Դա հայտնեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում: ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով: Գիտեմ՝ որքան ծանր է կշռում այս հակամարտությունը հայ հասարակության և մանավանդ այն հայ ընտանիքների վրա, որոնց զավակները զորակոչվել են ՀՀ զինված ուժեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի