Ընթացիկ զորակոչի ընթացքում զինակոչիկների դիմում-բողոքները քննող հանձնաժողովում այսօր քննարկվեց նաեւ Ա. Ա.-ի դիմումը, որում նա մատնանշել էր՝ որդին՝ Գ. Ա.-ն, գիշերամիզություն ունի, ինչի պատճառով 2017թ. տարկետում է ստացել, իսկ հիմա՝ ծառայության համար պիտանի ճանաչվել: Բժշկական հետազոտությունների փաստաթղթերում նշված է, որ երիտասարդը միայն այդ խնդիրն ունի եւ հոգեպես առողջ է: Ծնողը, սակայն, ակնկալում էր, որ նրան կրկին տարկետում կտրվի:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը նրան տեղեկացրեց այս տարվանից առաջադրված օրենսդրական փոփոխության մասին, համաձայն որի՝ եթե նախկինում գիշերամիզություն ունեցողները չէին զորակոչվում, ապա հիմա պետք է ծառայեն, բայց միայն զորամասերի անցակետերում: «Նրանց համար նախատեսված չէ մարտական հերթապահություն, նրանք ծառայելու են հեշտացված ռեժիմով՝ հանգստյան ժամեր ունենալու պայմանով»,-հայտնեց Հարությունյանը:
Ա. Ա.-ն փոփոխությունից տեղյակ չէր, բայց չառարկեց, որ որդին, այնուամենայնիվ, բանակ է գնալու: Միայն մտահոգություն հայտնեց, որ տղայի առողջական խնդիրը ծառայակիցների մոտ պիտակավորումների առիթ չտա: Գեղամ Հարությունյանն այնուհետեւ հայտարարեց, որ գիշերամիզությանն առնչվող արդեն հինգ դիմում է ստացվել, եւ բոլոր դեպքերում բացատրվել է, որ նման խնդրով զինակոչիկները հատուկ ռեժիմով են ծառայելու:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ