«Հայաստանյան գարունն այս տարի բացառիկ նշանակությամբ էր օժտված, և կարծում եմ աշունն էլ նույնքան նշանակալի կլինի՝ պայմանավորված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովով»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
Նշենք, որ ասուլիսը կազմակերպված է հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնին ընդառաջ: Այդ օրը Ֆրանսիան տոնում է Բաստիլի գրավումը: Դեսպանի բնութագրմամբ՝ սա ընդգծում է, որ ֆրանսիացիները ևս իրենց էությամբ հեղափոխություն անող ազգ են: Հուլիսի 14-ին տոնվում է նաև ազգային համերաշխության ֆեդերացիայի տոնը: Այդ օրը Ֆրանսիայում երախտիք են հայտնում զինված ուժերին, ինչն արտահայտվում է նաև զինվորական շքերթով: Դեսպանի փոխանցմամբ՝ այս տարի տոնակատարությունները կձգվեն մինչև Ֆրանսիա-Խորվաթիա ֆուտբոլային խաղ:
Դառնալով Բրյուսելում ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպմանը՝ Ժոնաթան Լաքոտը նշեց. «Երեկ Բրյուսելում մթնոլորտը շատ ջերմ էր, և այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան ՀՀ-ում, նոր դինամիկա են հաղորդում երկրների երկկողմ հարաբերություններին»:
Ժոնաթան Լաքոտը հայտնեց, թե հայկական թավշյա հեղափոխությունը ճիշտ կազմակերպված հեղափոխություն էր. «Դա մի բան է, որը տեղի ունեցավ առանց դրսի անմիջական և ոչ անմիջական մասնակցության: Ժողովուրդն էր դուրս եկել փողոց»:
Դառնալով Ֆրանսիայում գրանցված արձագանքներին՝ դեսպանն ասաց. «Այն, ինչ գարնանը տեղի ունեցավ Հայաստանում, Ֆրանսիայում ընկալվեց չափազանց դրական, լրատվամիջոցները համակրանքով արձագանքեցին Հայաստանում ընթացող իրադարձություններին, քանի որ դրանք տեղի ունեցան խաղաղ մթնոլորտում»:
Ժոնաթան Լաքոտը կարծիք հայտնեց՝ այն փոփոխությունները, որ տեղի ունեցան Հայաստանում, նոր դինամիկա են հաղորդում երկու երկրների միջև հարաբերություններին. «Ֆրանսիայում բոլոր հետևում են Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացներին, որոնք շատ կարևոր ուղերձ են Հայաստանի բոլոր գործընկերներին: Ներկայումս ՀՀ-ում պայքարը կոռուպցիայի դեմ չէր կարող դրական չընդունվել Ֆրանսիայում»:
Ֆրանսիայի դեսպանի կարծիքով՝Ֆրանկոֆոնիայի մասնակիցները պետք է որ շլացած լինեն այն հաջողություններով, որ գրանցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում. «Կարծում եմ՝ հեղափոխության արժեհամակարգը ճիշտ այն արժեհամակարգն է, որը դավանում է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ իրավական պետություն, ճիշտ կառավարում, երիտասարդներին զարգացման հնարավորություն: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ՀՀ-ում իրեն կզգա ճիշտ այնպես, ինչպես կզգար տանը: Գարնանը տեղի ունեցած իրադարձություններն իրենց ազդեցությունն անպայման պիտի թողնեն աշնանն ակնկալվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի