Դիլիջանի բնակիչ ,1989թ. ծնված Սերգեյ Միքայելյանը նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն: Նա ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանին հանիրավի մեղադրել է քրեական գործով ապացույց կեղծելու`ՀՀ քրեական օրենսգրքի 349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Ս. Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ս. Միքայելյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդի, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով տուժող է: 2016թ. փետրվարի 9-ին Դիլիջանի Շամախյան թաղամասից վերադառնալիս Դ. Հակոբյանը իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել Ս. Միքայելյանի «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, նրան պատճառելով աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: Ս. Միքայելյանը սուտ մատնությունը կատարել է այդ գործը քննող քննիչի վերաբերյալ:
2018թ. հունիսի 27-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է Ս. Միքայելյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատժին գումարել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2018թ.հունվարի 22-ի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017թ.հունիսի 8-ի որոշումներով նշանակված 8 ամիս, 16 օր ժամկետով ազատազրկման ձեւով պատժի չկրած, հանրային աշխատանքներով փոխարինված մասը ՝ 654 ժամ հանրային աշխատանքները եւ վերջնական պատիժ սահմանել մեկ տարի ժամկետով ազատազրկումը եւ 654 ժամ հանրային աշխատանքները, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել`սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ