2018 թվականի հունվար-մայիս ամիսներին ԱՀ են այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով: Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաև առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):
Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ:
Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:
Հ.Գ. Տարեսկզբից Երևանի Զվարթնոց օդանավակայանում շուրջօրյա ցուցադրվում է «Ղարաբաղ թաքնված գանձ» 1.20-րոպեանոց տեսահոլովակը:
Արցախը ներկայացվել է Մոսկվայում, Երևանում և Մադրիդում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսներին:
Ապրիլ ամսին Արցախ են այցելել երկու բլոգեր՝ Իգոր Կորոլյովն ու Կարեն Արզումանյանը, որոնք Արցախում ստացած իրենց տպավորություններով կիսվել են սոցցանցերում:
Հունիսի 22-ին կայացավ տուրիզմի վարչության նոր արդիականացված կայքէջի (http://artsakh.travel/) շնորհանդեսը:
Instagram-ում բացվել է artsakh.travel-ի էջ, որը արդեն ունի 863 հետևորդ: Ավելացել է նաև karabakh.travel-ի facebook-յան էջի հետևորդների թիվը՝ հասնելով 10661-ի:
Արցախի տուրիզմի վարչության հաղորդագրություն