Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյանը Կամո Արեյանին՝ «սաբոտաժը», ոչ թե «Ելք» դաշինքի կամ կառավարության դեմ է, այլ՝ պետության

Հուլիս 12,2018 11:50

Երեւանի ավագանին որոշեց Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Մինչ այդ՝ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ հարցուպատասխանից հետո 15 րոպե ընդմիջում խնդրեց:

Կամո Արեյանը հիշեցրեց, որ  Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին: Ապա տեղեկացրեց, որ նիստին ներկա էին ավագանու 46 անդամ, 19-ը բացակա էին: Կամո Արեյանն ասաց, որ իրենք առաջարկում  են արտահերթ ընտրության օրը սահմանել հուլիսի 16-ին ժամը 11-ին:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց քաղաքապետի  արտահերթ ընտրության օրը սահմանել 2018 թվականի օգոստոսի 8-ին ժամը 11-ին, ապա արտահերթ ելույթի իրավունք խնդրեց, ասելով, որ ավագանու այսօրվա նիստն ամենակարեւորն է եւ իրենցից յուրաքանչյուրի վրա ամենակարեւոր քվեարկությունն է դրված. «Առաջին հայացքից՝ թվում է, թե մենք որոշում ենք օր եւ ժամ, բայց խնդիրն ավելի խորն է եւ ես վստահ եմ, որ խնդիրն այդ խորությամբ ձեզ չեն ներկայացրել, ես կներկայացնեմ թողնելով այդ որոշումը յուրաքանչյուրդ վրա: Դուք գիտեք, որ ժամկետները բավականին կարճ են, մենք որոշում ենք 30 օրվա ընթացքում քաղաքապետի ընտրության օրը մեր շրջանակներում: Եթե առաջադրում չի լինում, դրանից հետո մոտավորապես 44 օրվա ընթացքում նշանակվում են արտահերթ ընտրություններ: Այսօր հուլիսի 12-ն է եւ, եթե այդ ժամանակահատվածը կարճ է ստացվում, ապա ընտրություններն ընկնում են օգոստոս ամսին»:

Դավիթ Խաժակյանի խոսքով, օգոստոսը ոչ միայն անբարենպաստ է քարոզարշավի համար, այլեւ ընտրական գործընթացը կազմակերպելու տեսանկյունից չափազանց բարդ է. «Այս մասին, ես ձեզ վստահեցնում եմ իմացել է թե՛ պարոն Արեյանը, թե՛ Տարոն Մարգարյանը: Եվ ինչպիսի որոշում են կայացրել՝ քննարկել են մեր ունեցած հնարավորության առավելագույն ժամկետը, այսինքն՝ ամսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, ընտրել 30 օր եւ քվեարկության օրը դնել օգոստոսի 8-ին, դրանից հետո կառավարությունը կկարողանար ժամկետը կրճատել եւ ընտրություն նշանակել 44 օրվա ընթացքում եւ ընտրությունը կընկներ կամ սեպտեմբերի 16-ին կամ՝ սեպտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը: Եվ հասկանալի է, որ ե՛ւ քարոզարշավը կլիներ սեպտեմբերին ե՛ւ հնարավոր կլիներ ընտրական գործընթացը կազմակերպել: Օգոստոս ամսին այն ենթակառուցվածքները, որոնք պետք է աշխատեն ընտրությունների կազմակերպման համար՝ հանձնաժողովի անդամներ, տպագրություն, հազար ու մի հարց չափազանց դժվար կլինի իրականացնել օգոստոսին»:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ թվում է՝ թե վտանգի տակ է դրվում ընտրության կազմակերպումը, սակայն եթե ընտրությունը կազմակերպվելու է օրենքով սահմանված կարգով եւ տեխնիկական խնդիրների պատճառով օրենքը չի կարող տուժել:

«Ամենամեծ վնասը, որը կարող ենք տալ թե՛ մեր երկրին, թե՛ մեր քաղաքին այն  է, որ այս խոչընդոտները, որոնք ստեղծվում են հուլիսի կազմակերպելով, հաղթահարվելու են պետության կողմից լրացուցիչ եւ մեծ գումարների հատկացմամբ»,-ասաց պարոն Խաժակյանը: Նրա կարծիքով, այդ կազմակերպված  «սաբոտաժը», ոչ թե «Ելք» դաշինքի կամ կառավարության դեմ է, այլ՝ պետության. «Մենք առաջարկում ենք երկրորդ նախագիծը՝ օգոստոսի 8-ինը, հակառակ դեպքում, ես ձեզ վստահեցնում եմ, որ ունենք այն լծակները, որ այդ սաբոտաժը շրջանցենք»:

Կամո Արեյանը Դավիթ Խաժակյանին կրկին հիշեցրեց Երեւան քաղաքի ՏԻՄ օրենքի 46-րդ հոդվածը, այն է՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո եռօրյա ժամկետում օրենքի ուժով հրավիրվելու է ավագանու նիստ, որում որոշվելու է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը. «Ընդ որում, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ընտրություններն անցկացվում են, ոչ ուշ քան մեկ ամսյա ժամկետում: Օրենսդիրն ամրագրել է ոչ ուշ քան՝ մեկամսյա ժամկետ: Ոչ ուշը կարող է լինել հաջորդ օրը, վեցերորդ օրը, տասներորդ օրը եւ վերջապես մեկամսյա ժամկետի վերջին օրը: Օրենքի նման ձեւակերպումը չի անցել ենթադրությունների սկզբունքով, այլ անցել է այն ողջամտությամբ եւ տրամաբանությամբ, որ երբեւէ օրենսդիրը տվել է ոչ ուշ՝ մեկամսյա ժամկետ եւ այդ մեկամսյա ժամկետում ենթադրվում էր, որ ձեր ասած տեխնիկական միջոցները պետք է լինեին պատրաստ»: Կամո Արեյանն ասաց, որ ընդունեց «Ելք»-ի առաջարկը եւ երկու առաջարկներն էլ դնում է քվեարկության:

Դավիթ Խաժակյանը պահանջեց 15 րոպե ընդմիջում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031