Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը մեկ անգամ փաստացի առաջնորդ է եղել եւ երկիրը հասցրել է տոտոլիտարիզմի. Վահրամ Աթանեսյան

Հուլիս 12,2018 11:22

Արցախում կա փոփոխությունների հանրային սպասում, իսկ քաղաքական ուժերը նոր իրավիճակին տիրապետելու եւ ըստ այդմ դրսեւորվելու որոնումների մեջ են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը:

-Պրն. Աթանեսյան, նախ ինչպե՞ս կբնութագրեք Արցախի ներքաղաքական իրավիճակը վերջին ժամանակահատվածում: Ըստ Ձեզ՝ Արցախում առկա՞ է ներքաղաքական ճգնաժամ:

-Ով եւ ինչպես է բնութագրում իրավիճակը՝ ընկալման եւ համապատասխան վերաբերմունքի հարց է: Իմ անձնական գնահատմամբ՝ քաղաքական ճգնաժամի մասին խոսակցությունները խիստ չափազանցված են: Թեկուզ եւ այն իմաստով, որ կայացած, ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը կարող էր առաջացնել համակարգային ֆորս-մաժոր, մենք չունենք:

-Արցախի նախկին եւ ներկա որոշ քաղաքական ու ռազմական գործիչներ հանդես են գալիս իշխանափոխության կոչերով և պահանջում Բակո Սահակյանի հրաժարականը: Ըստ Ձեզ՝ այսօր կա՞ դրա անհրաժեշտությունը:

-Ես չգիտեմ, թե ում եք նկատի ունենում «ռազմական գործիչներ» ասելով: Ես չգիտեմ նախկին կամ ներկա զինվորականի, որ հանդես է գալիս նախագահ Սահակյանի հրաժարականի պահանջով: Գեներալների գործը քաղաքականությունը չէ, նրանք այլ առաքելություն ունեն: Եվ համոզված եմ, որ հայ սպաները հավատարիմ են իրենց երդմանը եւ ներքաղաքական հարցերում կշարունակեն չեզոքություն պահպանել: Ինչ վերաբերում է նախագահի հրաժարականը պահանջող խմբերին ու անհատներին, ապա նրանք ոչ միայն պետության ղեկավարի սեփական թեկնածու, այլեւ հետագա քայլերի պատկերացում իսկ չունեն: Համենայն դեպս, հրապարակային ելույթներում նրանք որեւէ տեսլական չեն ներկայացնում: Մի փոքր տարօրինակ է, երբ այդ մարդիկ նախագահ Սահակյանին սատարող կուսակցություններին հրավիրում են խորհրդատվությունների, որպեսզի որոշեն «միասնական թեկնածուին»: Խորհրդարանական ներկայիս բոլոր կուսակցությունները, բացառությամբ Հայկ Խանումյանի, որ իրենով ներկայացնում է «Վերածնունդը», քվեարկել են Բակո Սահակյանի օգտին եւ այսօր էլ նրա քաղաքական հենարանն են: Նախագահի հրաժարականի հանրային դրսեւորված պահանջ նույնպես չկա: Այս իրավիճակում ի՞նչ խոսք կարող է լինել իշխանափոխության մասին:

-Արդյոք Բակո Սահակյանի կողմից այս օրերին իրականացվող կադրային փոփոխությունները նպաստո?ւմ են առկա լարվածության նվազմանը: Բացի կադրային փոփոխություններից, էլ ի՞նչ քայլերի անհրաժեշտություն եք տեսնում մինչև 2020 թվականը:

-Կադրային փոփոխությունները, բնականաբար, չեն լուծում հանրային սպասումների բավարարման հարցը: Խնդիրն անձերի մեջ չէ, այլ նրանում, որ անցյալ տարի ընդունված սահմանադրությամբ գործադիր իշխանությունը, պետական ողջ կառավարումը կենտրոնացած են նախագահի ձեռքում, իշխանությունը խիստ անձնավորված է: Ուստի կա սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն: Կարծում եմ, որ քաղաքական ուժերը պետք է կենտրոնանան  այդ հարցերի վրա, քննարկումները տեղափոխեն կառուցողական երկխոսության, բազմախոսության հարթություն: Այդ դեպքում հանրությունը կստանա արմատական բարեփոխումների ազդակ: Դրանից մարդկանց կյանքը մի ակնթարթում չի բարելավվի, բայց երկիրը կունենա ազատ եւ ժողովրդավարական զարգացման այնպիսի հեռանկար, երբ յուրաքանչյուրի համար կբացվի հնարավորության պատուհան: Այսօր Արցախում կյանքը չափազանց անձուկ է, մարդիկ ինքնաիրացման խնդիր ունեն: Քաղաքական եւ պետական համակարգի բարեփոխումը նրանց կտա լիարժեքության բերկրանք: Իսկ դա երկրի համար ահռելի ռեսուրս է:

-Նախօրեին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը այցելեց Արցախ: Ըստ Ձեզ՝ իր այցելությամբ, նա ինչ ուղերձնե՞ր հղեց Արցախի իշխանություններին և նաև Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող շրջանակներին:

-Ես Սամվել Բաբայան քաղաքական գործչի ընկալում չունեմ: Եվ դժվարանում եմ դատել, թե ի՞նչ իմաստ ունեին նրա այցը, հանդիպումը նախագահ Սահակյանի հետ եւ թատերականացված այն հանդիպումը, որ կազմակերպվել էր Ստեփանակերտի հուշահամալիրում: Ի՞նչ էր դա խորհրդանշում՝ նույնպես անհասկանալի է: Ընդգծեմ միայն, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, եւ «վճռական մենակի» կերպարը, որ Սամվել Բաբայանն է համակիրների միջոցով ստեղծել իր ոչ այնքան օրիգինալ անձի շուրջ, չի կարող առաջնորդ լինել: Մանավանդ որ նա մեկ անգամ փաստացի առաջնորդ է եղել եւ երկիրը հասցրել է տոտոլիտարիզմի: Մարդիկ հիշողություն ունեն եւ համոզված եմ, որ ըստ այդմ էլ կգնահատեն Սամվել Բաբայանի «փրկչական» հայտը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031