Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ով ձեռքի տակ թղթի ինչ կտոր ուներ, թափահարում էր, ու գուցե դա էր պատճառը, որ նախագահի միակ թեկնածու Էդվարդ Միլիտոնյանի ընտրության հարցում որոշեցին բաց քվեարկել. «Հրապարակ»

Հուլիս 12,2018 10:52

Երեկ ՀԳՄ-ում տեղի ունեցավ Գրողների միության 19-րդ համագումարը, որի գլխավոր օրակարգը նախագահի ընտրությունն էր։

Աելիտա Դոլուխանյանն իր ելույթում նշեց, որ թեեւ միությունից ո՛չ նյութական օժանդակություն է ստացել, ո՛չ էլ մրցանակ, բայց կարծում է, որ պետք է գուրգուրենք միությունը։ Ավելին՝ զգացել է Միլիտոնյանի հոգատարությունը գրական կյանքում, ուստի խնդրում է նրան եռանդը չպակասեցնել։

Արտեմ Հարությունյանի կարծիքով էլ Միլիտոնյանի շնորհիվ էր ամեն տեսակ կռիվների, թայֆաների վերացումը։ Ապա նա հիշեց Էլիոթին, որից հետո նորից անցում կատարեց Միլիտոնյանին, նշեց, որ գոհ է նրանից եւ դրական է գնահատում նրա աշխատանքը՝ կոչ անելով իրենց ձայնը տալ Միլիտոնյանին։ «Ռեգլամենտ, սահմանեք ռեգլամենտ»,- ամեն ելույթից հետո գոռում էին դահլիճից։

ՀԳՄ մարզային մասնաճյուղի ղեկավարներից մեկին դահլիճից հորդորեցին միայն զեկույցի վերջին նախադասությունը կարդալ, քանի որ շոգ է։ Այս ռեպլիկին դահլիճն արձագանքեց ծիծաղով։ Իսկ նախագահության անդամ, համագումարը վարող Դավիթ Մուրադյանն էլ բեմից խնդրեց գրողներին, որ այլեւս երբեք իրենց համագումարը հուլիսին չանեն։

Լիլիթ Արզումանյանի խոսքն էլ ուղղված էր ավելի շատ նոր՝ թավշա ղեկավարությանը։ «Հայ գրողն այսօր ավելի շատ վերաբերմունքի կարիք ունի, քան էստրադային աստղը»,- ասաց նա ու հավելեց, որ մեզ ավելի քան անհրաժեշտ են այնպիսի ղեկավարներ, ովքեր կհանրայնացնեն մեր գրական ժառանգությունը․ «Սա այն եզակի կառույցն է, որին օլիգարխները դեռ շնչահեղձ չեն արել»։ Օլիգարխները շնչահեղձ չարեցին, բայց տոթն ու շոգը միության անդամներին շնչահեղձ արեցին։ Ով ձեռքի տակ թղթի ինչ կտոր ուներ, թափահարում էր, ու գուցե դա էր պատճառը, որ նախագահի միակ թեկնածու Էդվարդ Միլիտոնյանի ընտրության հարցում որոշեցին բաց քվեարկել՝ իրենց կարմիր անդամատոմսերով, բայց այստեղ երգիծաբան Վլադիմիր Հայրապետյանն ընդդիմացավ ու նշեց, որ դա կանոնադրությանը դեմ է, ապա առաջադրեց իր թեկնածությունը։ Սակայն ջերմային ալիքից վատացած գրողները համաձայնեցին այդ պարագայում էլ կատարել բաց քվեարկություն։ Արդյունքում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը, իսկ Հայրապետյանը, «ամոթ է, ամոթ» վանկարկելով, հեռացավ դահլիճից։

Ամֆիթատրոնից գրողներից մեկը գոռաց՝ հասկացանք միաձայն, բայց քանի՞ ձայնով է ընտրվել, թող հանձնաժողովը ֆիքսի դա, ինչին ի պատասխան ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը նշեց, որ եթե դեմ չկա, ուրեմն ներկաները կողմ են։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031