Միքայել Հարությունյանը երկրում չէ, եւ ինչպես փոխանցեց վերջինիս կինը՝ Սվետլանա Հարությունյանը, նախկին նախարարը Ռուսաստանի Դաշնությունում է, Մոսկվայում՝ բուժում ստանալու նպատակով: Նրա խոսքով՝ Միքայել Հարությունյանը Մոսկվա է մեկնել դեռեւս վերջին իրադարձություններից առաջ՝ մարտի 29-ին:
«Նա զինվորական է, նա կատարել է իր պարտականությունները»,- դեռ հարցը չլսած հայտարարեց Միքայել Հարությունյանի կինը, ապա հավելեց. «Այնտեղ չի եղել կրակելու տեսագրություն… Ով դա արել է, նա պետք է…»,- այս բառից Սվետլանա Հարությունյանի խոսքը մի պահ ընդհատվեց՝ խոսափողի անջատվելու պատճառով: Սվետլանա Հարությունյանի՝ կրակոցների մասին արված արտահայտությունը, հավանաբար վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե ցուցարարները դուրս էին գալիս ավտոբուսների հետեւից, կրակում են իրավապահների վրա եւ նորից անցնում ավտոբուսների հետեւը:
Քոչարյանը նաեւ նշել էր, որ կան իր ասածներն ապացուցող տեսանյութեր: «Դուք հասկանու՞մ եք, որ ես դա չեմ կարող անել, եւ ոչ մի իրավունք չունեմ: Այս ամենն անսպասելի եղավ: Դուք հասկանո՞ւմ եք, ես տարիքով մարդ եմ, ես կյանք եմ անցել, ես 49 տարի ապրում եմ այս մարդու հետ: Եվ այսօր…92 թվականին այդ մարդը եկել է՝ թողնելով գենշտաբի ակադեմիան (նկատի ունի Խորհրդային միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիան,-հեղ.), թեկնածուականը: Ամենադժվար պահին եկել է ու ստեղծել բանակ: Դուք կարող եք ենթադրություններ անել, բայց ես շատ ցավում եմ նրա համար: Ոչ ոք չի կարող հասկանալ, դա շատ բարդ է»,- շարունակեց Հարությունյանի կինը:
Վերջինս նշեց, որ ամուսինը երկիրը չի լքել այն ժամանակ, երբ հետախուզում է հայտարարված եղել, այլ դրանից ամիսներ առաջ՝ մարտին.
«Նա վատ էր զգում, առողջությունը լավ չէր: Այդ վիճակում պաշտոնաթող եղավ: Առողջական խնդիրներ ունի, ճնշումն էր բարձրացել: Հրաժարականի դիմում գրեց եւ մեկնեց: Գնաց հիվանդանոց: Նա պառկած էր Վիշնեւսկու անվան հոսպիտալում, որտեղ իրեն վիրահատեցին: Իսկ այսօ՞ր: Նա հո չի՞ փախել»:
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում