Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արժեքների մասին պե՛տք է խոսել

Հուլիս 12,2018 10:10

Բրյուսելում պաշտոնական այցով գտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը: Հանդիպումներ է ունենում ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ: Դա հետհեղափոխական Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Եվրոպա եւ, իհարկե, կարեւոր նշանակություն ունի: Հայաստանի ոչ այս, ոչ էլ նախորդ կառավարությունները չեն հայտարարել, որ նրանք եվրոպամետ են, ռուսամետ կամ ամերիկամետ, եւ դա ճիշտ է՝ «մետ»-ության հարթակում քաղաքականություն կառուցելը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում: Նույն վտանգն է, իհարկե, պարունակում ինչ-որ մի երկրին կամ միջազգային կառույցին «հակա» լինելը: Բոլոր կառավարություններն էլ ասում էին եւ ասում են, որ նրանք հայամետ են ու հայակենտրոն, ելնում են բացառապես Հայաստանի շահերից, եւ այդ պնդումը նույնպես տեսականորեն ճիշտ է՝ այլ հարց է, թե որքանով է համապատասխանում իրականությանը:

Բայց ներկա կառավարությունից եւ քաղաքական ուժերից ես ցանկանում եմ լսել, թե ինչպիսի արժեքային համակարգի կողմնակից են նրանք: Եվ այստեղ այլեւս հնարավոր չէ ասել՝ «ես դավանում եմ հայկական արժեքներ»:  Այդ դեպքում պիտի ասել, որ արժանահավատ ընտրությունները, խոսքի ազատությունը, օրենքի գերակայությունը, իշխանությունների թեւերի բաժանումը, անկախ դատարանները զուտ հայկական արժեքներ են: Եթե մենք ընդունում ենք, որ դրանք վերազգային արժեքներ են եւ, մյուս կողմից, կիրառելի չեն աշխարհի բոլոր երկրներում, բայց կիրառելի են Հայաստանում, ուրեմն «եվրոպական» մակդիրը թեեւ որոշակիորեն պայմանական է, բայց միանգամայն ընդունելի է: Դա քաղաքակրթական, մշակութային ընտրություն է, որից պետք չէ վախենալ: Հակառակը՝ դրա մասին պետք է բարձրաձայն հայտարարել ու խնդիրն արտացոլել քաղաքական ծրագրերում:

Բայց երբ ես ասում եմ, որ դավանում եմ «եվրոպական արժեքներ», դա չի նշանակում, որ չեմ հարգում այլ ազգերի  արժեքները: Ճապոնիայում, օրինակ, երբ կորպորացիայի ղեկավարը դուրս է գալիս շենքից, բոլոր տեսակի «ենթաշեֆերը», ստորադասները եւ «ենթաստորադասները» խոնարհվում են նրա առաջ այն անկյունի տակ, որը թելադրում է նրանց դիրքը տվյալ կորպորացիայի հիերարխիայում: Ճապոնիայում մարդիկ լողափերում ծով չեն մտնում այնքան ժամանակ, մինչեւ որ կայսրը չհայտարարի լողի սեզոնի սկզբի մասին: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ճապոնացիները «սխալ արժեքներ» են դավանում: Ոչ, նրանք այնպիսի մի երկիր են ստեղծել, որին կարող են միայն նախանձել աշխարհի շատուշատ ազգեր: Ես խոնարհվում եմ ճապոնական տեխնոլոգիաների, արդյունաբերության, մեգապոլիսների անխափան կյանքը կազմակերպելու ունակության եւ, իհարկե, ճապոնական հզոր մշակույթի առջեւ: Բայց վստահ եմ, որ Հայաստանում ճապոնական արժեքները կիրառելի չեն: Մասնավորապես, կարծում եմ, ով երբ ուզում է՝ կարող է Սեւանում լողալ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    լաւ է որ ճապոնական արժեքները կիրառելի չեն Հայաստանում. թէ ոչ, ներկայ դրութեամբ, «ժողովուրդը» պիտի պահանջէր որ, ուղղակի Հրապարակի վրայ, խումբ առ խումբ, բիւրաւոր անձեր ծիսական հարակիրի կատարեն.

    սակայն վստահ բան չէ որ, ով երբ ուզում է՝ կարող է Սեւանում լողալ. պարտադիր է նախապէս անպայման հրաման առնել եւ արտօնութիւն ստանալ բնապահպան ակտիվիստներից. չես գիտեր, կարող է որ ձուկերի հանգիստը խանգարուի… (ի դէպ, իշխանաձուկի անունն ալ պէտք է փոխել, եւ անմիջապէս. քանզի Վարչապետը յայտարարեց որ իշխանների ժամանակը վերջ գտած է Հայաստանում)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031