Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ ցուցմունք տված տուժողի վրա արյունահոսող վնասվածքներ կային. պաշտպան. ՀԺ

Հուլիս 12,2018 00:03

 Հայկ Սարգսյանին այսօր դատարանը կալանավորելու որոշում կայացրեց: «Հայկական ժամանակը» զրուցել է  նրա պաշտպան Երեմ Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, ի՞նչ դիրքորոշում է հայտնել Հայկ Սարգսյանը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ:

– Կալանավորման որոշումը ակնհայտ անհիմն եւ ապօրինի որոշում է ու այստեղ ուղղակի աչք է ծակում այս հանգամանքը: Հույս ունեինք, որ այս իրավիճակում դատարանները եւ վարույթն իրականացնող մարմինները՝ քննչական, դատախազություն ի վերջո ավելի օրենքի տառին համապատասխան կգործեին, ինչպես որ պահանջն է երկրի ղեկավարության կողմից, բայց տեսնում ենք, որ արջի ծառայություն է մատուցվում ավելի ցածր օղակների կողմից: Մի բան ակնհայտ է, որ հուլիսի 4-ից Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը եւ 7 օր գտնվելով ազատության մեջ, առնվազն 4 անգամ ծանուցագրերով ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, այսինքն՝ այս 7 օրվա մեջ պատշաճ կերպով ներկայացել է եւ որեւէ անգամ չի թաքնվել: Խոչընդոտման հետ կապված՝ 7 օր ազատության մեջ գտնվելով որեւէ տվյալ դատարան չի ներկայացվել քննիչի կողմից, որ այս 7 օրվա ընթացքում փորձ է արվել թեկուզ քննությանը խոչընդոտելու: Իսկ Վճռաբեկ դատարանը կոնկրետ նախադեպերով սահմանել է, որ կալանքը պետք է ընտրվի այն բացառիկ դեպքերում, եթե խափանման այլ միջոցները չեն կարողանում ապահովել անձի պատշաճ վարքագիծ: 7 օր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պատշաճ միջոց է եղել, նորմալ վարքագիծ է ապահովել, հիմա 7 օր հետո հանկարծ դատարանը նման որոշում է կայացնում: Միայն այս փաստը բավարար է, որպեսզի ակնհայտ լինի, որ սա օրինական որոշում չէ, չի կայացել օրենքի հիման վրա՝ ինչ-ինչ այլ նկատառումներից ելնելով:

Հասկանալի է, որ այստեղ անձանց անունների հետ կապված որոշակի կաշկանդվածություններ ունեն դատավոր քննիչ: Բայց այս պարագայում գտնում եմ, որ պահանջը երկրի ղեկավարության կողմից կայացել է նրանում, որ բացառապես օրենքի դաշտում պետք է գործեն՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը եւ ում վերաբերյալ է քրգործը: Թե ով ինչ վերաբերմունք ունի գործերի եւ փաստերի նկատմամբ, կարծում եմ՝ դատարանը, քննիչը, դատախազը պետք է այդ ամեն ինչից վեր լինեն եւ կարողանան օրենքով որոշումներ կայացնել: Մենք տեսանք, որ այստեղ ուղղակի օրենքը չգործեց:

– Հայկ Սարգսյանը ցուցմունք տալի՞ս է:

– Ցուցմունք տալու համար մեզ պետք է պարզաբանեին մեղադրանքի էությունը, մենք մի քանի անգամ միջնորդեցինք, որպեսզի մեղադրանքի էությունը պարզաբանվի, ինչը Եվրոպական դատարանի, Վճռաբեկ դատարանի եւ օրենքի ուղիղ պահանջն է, որ յուրաքանչյուր ոք, եթե մեղադրվում է հանցագործության մեջ, անհապաղ ու իրեն հասկանալի լեզվով մանրամասն պետք է տեղեկացվի մեղադրանքի վերաբերյալ: Բազմաթիվ միջնորդություններ ենք ներկայացրել, սակայն այդպես էլ չի պարզաբանվել: Այս համատեքստում ակնհայտ է, որ մենք զրկվել ենք պաշտպանության եւ նաեւ ցուցմունք տալու իրավունքից:

– Ձեզ հայտնի՞ է, թե ինչու ի վերջո տուժողը 11 տարի անց որոշեց խոսել եւ ցուցմունք տալ ձեր պաշտպանյալի դեմ:

– Պատասխանը ենթադրությունների մակարդակով է՝ այն իմաստով, որ առերեսման ժամանակ տուժողի մարմնի վրա եղել են բազմաթիվ վնասվածքներ՝ արյունահոսող եւ կապտուկի տեսքով, մեջքի շրջանում ուժեղ ցավի հետեւանքով մի քանի ժամ մեջքը բռնած նստած վիճակում է եղել: Առերեսման ժամանակ ուղիղ հարց է տրվել, թե ինչի հետեւանքով են այդ վնասվածքները առաջացել տուժողի վրա, ինչու է մեջքը բռնած նստած, որին ի պատասխան հնչեցվել է, որ երիկամները ցավում են, իսկ այդ վնասվածքները, կապտուկները մոծակի կծածն է:

Այնուհետեւ փորձաքննություն է միջնորդվել, որպեսզի պարզվի, թե ինչի հետեւանքով են առաջացել այդ վնասվածքները, այսինքն՝ ակնհայտ է, որ մենք որոշակի խնդիր էինք տեսնում այդտեղ, կրկին ուղղակիորեն մերժվել է այդ միջնորդությունը:

Եվ հաջորդը, տուժողը թմրանյութ պահելու կասկածանքով մի քանի ամիս կալանքի տակ է եղել, հիմա հանկարծ ազատ արձակվեց:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արյունահոսող, ոչ թե՝ արնահոսող։ Տհաճ է, երբ մամուլում առաջին դասարանցու մակարդակի սխալներ են հանդիպում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031