Օրերս Creative Armenia մշակութային հիմնադրամի մեկամյակի առիթով Հայաստան էր ժամանել ճանաչված ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը: Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ կայանում էր հոբելյանական միջոցառումը, Սերժ Թանկյանի հետ լուսանկարվողների հերթ էր գոյացել: Նրանց մեջ ե՛ւ պաշտոնյաներ կային, ե՛ւ սովորական այցելուներ:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ցանկանում էր մոտենալ Թանկյանին, որովհետեւ նրա ամերիկաբնակ թոռնիկը՝ Նարեկը, եւս ցանկանում էր լուսանկարվել ռոք երաժշտի հետ: Ու քանի որ Տիգրան Մանսուրյանը որքան տաղանդավոր է, նույնքան էլ համեստ, տեւական ժամանակ սպասում էր լուսանկարվելու իր հերթին: Բարեբախտաբար, Թանկյանը նկատեց մաեստրոյին ու մոտեցավ ողջագուրվելու, իսկ Նարեկը պապիկի հետ կարողացավ լուսանկարվել իր սիրելի ռոք կուռքի հետ:
Լուսանկարը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
11.07.2018