Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աննախադեպ «Կարմեն»՝ օպերային թատրոնում

Հուլիս 12,2018 12:30

Երևանի օպերային թատրոնում Բիզեի «Կարմեն» օպերան առաջին անգամ ներկայացվել է 1934թ., Արշակ Բուրջալյանի ռեժիսուրայով: Հետո 1941-ին Արմեն Գուլակյանը բեմադրեց այն: Վահագն Բագրատունին էլ 1970-ականներին «իր» «Կարմենը» հանձնեց հանդիսատեսի դատին: Տեղեկացնենք, որ Երեւանում առաջին անգամ Կարմենի դերերգով հանդես է եկել Թբիլիսիից հրավիրված Ելենա Բարոնկինան, հետո՝ Լուսյա Ավտիսովան, ապա Կարմենի անզուգական մեկնաբան Տաթեւիկ Սազանդարյանը, իսկ հետո ոչ պակաս գնչուհու կերպարը մարմնավորող Մարիա Չմշկյանը, Գոհար Գալաչյանը, Օլգա Գաբայանը:

Երկարատեւ դադարից հետո՝ 2015թ., Արմեն Մելիքսեթյանը հրավիրեց ժամանակակից ռեժիսուրայով «Կարմենի» իր ընթերցմանը: Օրերս էլ կայացավ նոր՝ Նաիրե Ստեփանյանի ռեժիսուրայով «Կարմենի» հանձնումը հանդիսատեսի դատին: Առաջին հայացքից անիմաստ է թվում «Կարմենին» այս անդրադարձը, քանի որ արդեն խաղացանկում կար «Կարմեն»: «Կարմենի» «հանձնումը» լսել-դիտելուց հետո կարելի է հաստատ ասել, որ այս նոր բեմադրության իրականացումը արդարացված է: Համոզված ենք՝ այն միանգամից կդասվի Երևանի օպերային թատրոնում իրականացրած ամենահաջողված ժամանակակից բեմադրությունների շարքին: «Մենադասական» օպերաներից մեկի ժամանակակից ընթերցումը արտահայտված է նախ ռեժիսորական խաղարկային կոնցեպտի մեջ, որն իր հերթին տեսանելի է բեմի ձևավորման բազմափորձ վարպետի (բեմանկարիչ՝ Ավետիս Բարսեղյան) ազատ ու արագ փոփոխվող ժամանակակից թեթև բեմով ու ճկուն խորհրդապատկերներով, գումարած շատ ճաշակավոր և դարձյալ ժամանակակից թեթևությամբ իրականացված, միևնույն ժամանակ շատ բեմական կերպարային զգեստների ձևավորմամբ (դիզայներ՝ Քրիստինե Ավետիսյան), էկրանային և լուսային տեխնոլոգիաների հմուտ կիրառմամբ: Ռեժիսորը կարողացել է ստանալ օպերային արվեստում ամենաբարդ որակներից մեկը, երբ բարձրակարգ երգեցողությունը միահյուսվում է երգվող թեմային համապատասխան դերասանական խաղով: Այս բացառիկ հանդիպող որակը, որը քիչ օպերային թատրոններում է հանդիպում, ցայտուն արտահայտված է առանձնապես Դոն Խոսե-Սարգիս Աղամալյան դերակատարմամբ և որ ավելի գնահատելի է՝ երգչախումբը (գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան) հանդես է գալիս ոչ միայն երգարվեստի ամենաբարձր կատարողական որակով, այլև մեծ հիացումի տպավորություն է թողնում միաժամանակյա արտիստական-դերասանական խաղով:

Գլխավոր խմբավարի վերադարձով Երևանի օպերային թատրոնի երգչախումբը կարելի է դասել աշխարհի օպերային թատրոնների ամենաբարձրակարգ երգչախմբերի շարքում: Սա հատկապես շեշտում ենք, որ մեր հանդիսականն ու մշակույթի կառավարողները հստակ գիտակցեն, թե ի՜նչ կշիռ ունեցող միջազգային արժեքներ ունենք: Նույնը կարելի է ասել օպերային թատրոնում ժամանակակից լուծումներով ներկայացումների և նոր տեխնոլոգիաների առատ կիրառմամբ օպերաների մասին, որ ոչ միայն այս «Կարմեն»-ում կիրառվեց և ընդամենը մեկ շաբաթ առաջ ներկայացված Մոցարտի «Կախարդական սրինգում», դրանից առաջ՝ «Տոսկայում» (2016), այլև դեռ միջազգային դաշտում թափ չառած՝ 2008-ին Երևանի օպերային թատրոնում իր ողջ բնույթով գերժամանակակից մի ստեղծագործություն, ինչպես ընդունված է ասել՝ «չբեմադրվող» մի ներկայացում՝ Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան (ռեժիսոր՝ Լեւոն Իվանյան), որի երաժշտական հենքից սկսած մինչև բեմադրության իրականացումը պահանջում էր ամենաժամանակակից մոտեցումներ: 2008-ի երևանյան բեմադրությունը իր ժամանակակից լուծումների և արտիստական կատարողական որակներով անհամեմատ գերազանցում էր 2003-ին Մյունխենում բեմադրված նույն «Երկրաշարժին»: Այդ օպերան գրված էր Գերմանիայում և գերմաներեն, բայց էկրանային համակարգի շնորհիվ Երեւանում այն ներկայացվում էր չորս լեզուներով (գերմաներեն, հայերեն, անգլերեն ու ռուսերեն) և հանդիսականը թեմայի ընկալման ոչ մի բարդություն չէր տեսնում՝ հետևելով բեմական դեպքերի ընթացքին (ի դեպ, դեռ ոչ մի տեղ կրկնված չէ այդ «բազմալեզու» որակը):
Ինչ վերաբերում է նոր «Կարմենին», ապա այս բեմադրությունը ամենահաճելի տպավորությունն է թողնում իր վարպետության շնորհիվ ստեղծված ժամանակակից շնչով: Ի դեպ, այս կարծիքին էին օպերայի հանձնմանը ներկա թե գեղարվեստական խորհրդի անդամները եւ թե հրավիրյալ մասնագետները: Արտահայտվենք նաև նվագախմբի փայլուն կատարման առիթով, որը ղեկավարեց հրավիրյալ դիրիժոր Քրիստոֆ Օկասեկեն (ԱՄՆ): Չմոռանանք պարերի բեմադրությունը, որի հեղինակն է թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանը:

«Առավոտը» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանից հետաքրքրվեց՝ երկո՞ւ «Կարմեն» են լինելու խաղացանկում: «Երկու «Կարմեններն» էլ «կապրեն» մեր թատրոնում: Վաղօրոք պլանավորված էր հայկական «Կարմենով» հանդես գալ Դուբայում, ինչը զուտ տեխնիկական պատճառներով թույլ չէր տալիս Արմեն Մելիքսեթյանի բեմադրությունը: «Ստեղծեցինք» համաշխարհային օպերային գլուխգործոցի Նաիրե Ստեփանյանի նոր ինտերպրիտացիան…»,- ասաց պարոն Օրբելյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Տեսարաններ «Կարմեն» օպերայի հանձնումից:

«Առավոտ» օրաթերթ

11.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031