«Առավոտի» տեղեկություններով՝ նախկին դատավորներ Իսկուհի Վարդանյանը, Գոհար Մատինյանը, Գայանե Կարախանյանն ու Եվա Դարբինյանն առանձին-առանձին դատի են տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը: Հարցն այն է, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 29.01.2008թ. թիվ ՍԴՈ-731 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ 2005թ. փոփոխություններով ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ ՀՀ ազգային ժողովին է պատկանում կենսաթոշակների ծավալները և ձևերը, դրանց նշանակման պայմանները և կարգը սահմանելու լիազորությունը: Կենսաթոշակի նշանակման պայմանները բավարարելու դեպքում անձը ձեռք է բերում կենսաթոշակի իրավունք, իսկ պետության վրա դրվում է այդ իրավունքի իրականացումն ապահովելու պարտականություն: ՀՀ սահմանադրական դատարանը 04.10.2006թ. թիվ ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է: Իսկ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն էլ՝ «Սույն օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ունի դատավորի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը, որի լիազորությունները դադարեցվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով»:
ՀՀ նախագահի 22.10.2014թ. թիվ ՆՀ-559-Ա հրամանագրով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի լիազորությունները՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով 22.10.2014թ.-ից համարվել են դադարեցված:
Նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության 21.10.2014թ. որոշմամբ նրան նշանակվել է կենսաթոշակ՝ 793.892 ՀՀ դրամի չափով:
Հայցվորը 29.11.2017թ.-ին դիմել է Նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ կենսաթոշակի չափը վերահաշվարկելու համար՝ հիմք ընդունելով որպես դատավոր պաշտոնավարման վերջին ամսվա՝ 2014թ. սեպտեմբերի աշխատավարձը, և իր նկատմամբ 867.541 ՀՀ դրամի չափով կենսաթոշակ սահմանելու վերաբերյալ որոշում ընդունելու խնդրանքով: Սակայն Նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալը 18.12.2017թ. գրությամբ մերժել է կենսաթոշակը վերահաշվարկելու վերաբերյալ հայցվորի խնդրանքը:
ՀՀ սահմանադրական դատարանը 16.09.2016թ. թիվ ՍԴՈ-1302 որոշմամբ անդրադառնալով «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի սահմանադրականության հարցին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված հաշվարկները վկայում են, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի, ՀՀ վերաքննիչ ու ՀՀ վճռաբեկ, ինչպես նաև վարչական դատարանների դատավորների համար, ովքեր 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ 10-ից ավելի տարի ստաժ ունեն, կախված այդ պաշտոնում աշխատանքային ստաժի տևողությունից, նախկին և ներկա աշխատավարձերի հիմքով կենսաթոշակը հաշվարկելիս սոցիալական ապահովության երաշխիքների ոչ համաչափ տարբերակում է առաջանում: Նման իրավիճակը պետք է հաղթահարվի, մասնավորապես` «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում՝ նկատի ունենալով, որ այն անձանց համար, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում, կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվարկային հիմք է ընդունվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձը` եթե այն ավելի մեծ է, քան «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված աշխատավարձի հիմքով հաշվարկված կենսաթոշակի չափը»:
Հայցվոր կողմը դատարանին խնդրել է պարտավորեցնել նախարարությանը կատարել հայցվորի կենսաթոշակի վերահաշվարկ՝ կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից և կենսաթոշակ հաշվարկել՝ հիմք ընդունելով որպես դատավոր պաշտոնավարման վերջին ամսվա՝ 2014թ. սեպտեմբերի աշխատավարձը:
Օրեր առաջ նախկին դատավորը հաղթել է նաեւ երկրորդ դատական ատյանում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.07.2018