Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 06.07.2018՝ «Ծարավ աղբյուրների սիրահար կառավարության ԾԻԳ-ը» հոդվածի
Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել հոդվածի հեղինակին մեր գրասենյակի իրականացրած շինարարության որակը գնահատող հետեւյալ տողերի համար՝ «Շինարարությունն իրականացվել է բավականին բարձր մակարդակով: Սրա հետ կապված՝ համայնքում ոչ մի դժգոհություն չկա, հակառակը՝ համայնքը շինարարներից ընդգծված գոհ է»:
Ինչ վերաբերում է ջրաղբյուրում ջրի ոչ բավարար քանակի առկայությանը, ապա ԾԻԳ-ը իրավասու չէ եւ պատասխանատու չէ ջրօգտագործման համապատասխան թույլտվություն տալու կամ ջրաղբյուրի հզորությունը չափագրելու համար: Ջրատնտեսական բոլոր օբյեկտների (ոռոգում, ջրամատակարարում, ձկնաբուծություն, հիդրոէներգետիկա) մակերեսային կամ ստորերկրյա ջրերի օգտագործման թույլտվությունը տրվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Ջրօգտագործման թույլտվությունը սահմանում է ջրաղբյուրից թույլատրելի ջրի ելքի օգտագործումը` ապահովելով ե՛ւ ջրօգտագործման պահանջարկը, ե՛ւ տվյալ տարածքի բնապահպանական միջոցառումները: Ջրօգտագործման թույլտվությունը տրվում է միայն ջրօգտագործող կազմակերպությանը (համայնք, իրավաբանական անձ եւ այլն) որոշակի ժամկետով` համաձայն վերջինիս դիմումի: ՋԹ-ն սահմանում է ջրի տարեկան, օրական եւ վայրկենական ծախսերը, ինչպես նաեւ տվյալ ջրաղբյուրի կոորդինատները եւ տեղադրման բարձրությունը: Ջրաղբյուրների ուսումնասիրությունը կատարում է բնապահպանության նախարարությունը` բազմատարյան շարքով: ՋԹ-ն հիմք է հանդիսանում ցանկացած ջրատնտեսական համակարգի նախագծման եւ կառուցման համար:
Այնպես որ, եթե տարվա որոշակի հատվածում ջրի քանակը չի համապատասխանում ջրօգտագործման թույլտվության տվյալներին, ապա հարցադրումը պետք է ուղղել համապատասխան գերատեսչությանը:
Ուզում եմ անդրադառնալ նաեւ հոդվածի հեղինակի մտահոգությանը՝ ԾԻԳ-ում մրցույթների անցկացման վերաբերյալ: Մեր մրցույթները եւ ընդհանրապես ողջ գործունեությունը հրապարակային է ու թափանցիկ: Պատրաստ ենք ներկայացնել ցանկացած տեղեկատվություն:
ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ԳՏՏԶ ԾԻԳ-ի տնօրեն
«Առավոտ» օրաթերթ
11.07.2018