ՊԵԿ-ն անցել է նախկին իշխանության գործելաոճին՝ մաքսազերծումն իրականացնում է տնտեսվարողների համար անընդունելի եւ կոռուպցիոն ռիսկերով հսկիչ-գներով մաքսազերծմանը՝ «Առավոտին» ահազանգել են փոքր ու միջին բիզնեսի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք պնդում են՝ վերջին օրերին մաքսայինում սկսել են կիրառել ՊԵԿ-ի կամայական հսկիչ-գները, եւ տնտեսվարողների ներկայացրած հաշիվ-ապրանքագիրը հաշվի չեն առնում: Այս մի քանի տնտեսվարողները խնդրեցին չհրապարակել իրենց անունները՝ նշելով. «Մի քանի օր սպասենք, եթե տեսնենք, սա համատարած է, ապա անպայման մեր անուններով կխոսենք ու հայտարարություն կանենք: Այդ հսկիչ-գները երկար տարիներ բիզնեսի գլխացավանքն են եղել: Մաքսայինը մեր ապրանքը չէր մաքսազերծում ու մաքսազերծման իր «գինն» էր թելադրում: Ուզեինք-չուզեինք՝ ենթարկվում էինք իրենց հսկիչ-գներին, հակառակ դեպքում կա՛մ պիտի կաշառք տայինք, կա՛մ ապրանքը պիտի ամիսներով մնար պահեստում»:
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց՝ մի քանի դեպք գիտի, որ այս օրերին մաքսայինը հսկիչ-գներով է մաքսազերծումն իրականացնում, մինչդեռ նոր կառավարությունը վստահեցրել էր՝ պետք է բացառեն հսկիչ-գների կիրառումը. «Փաստորեն, ՊԵԿ-ը չի բացառել, եւ սա մի ահազանգ է, որով ցույց են տալիս՝ շարունակում ենք հին ձեւով աշխատել: Սրա հետեւանքը հետո կերեւա»: Թե ինչո՞վ է պայմանավորված հսկիչ-գների կիրառումը՝ առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեից պարզաբանում կստանանք եւ մանրամասներ, թե՝ ո՞ր դեպքերում են կիրառվում հսկիչ-գները:
Իսկ Սամսոն Գրիգորյանն այն կապում է պետական մասնակցությամբ մաքսազերծող նոր ընկերության ստեղծման հետ:
Հիմա փոքր ու միջին ծավալի ապրանքների մաքսազերծումն իրականացնում է «Նորֆոլկ քոնսալթինգ»-ը: Այս ընկերությունում Ազգային անվտանգության ծառայությունը մի քանի միլիոն դոլարի չարաշահումներ բացահայտեց, որից հետո մենաշնորհային դիրք զբաղեցնող մաքսազերծող այս ընկերությունը գնաց լուծարման, սակայն քանի դեռ այս ընկերությանը չկա այլընտրանք, ՊԵԿ-ը թույլ է տվել իրականացնել մաքսազերծումը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն «Առավոտին» վստահեցրել էր. «Նորֆոլկ քոնսալթինգ»-ի լուծարումից հետո կստեղծվի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն, որն ըստ էության կհանդիսանա «Նորֆոլկի»-ի իրավահաջորդը՝ գործառնական տեսանկյունից: Նոր ստեղծվող ընկերության աշխատանքներն այնպես են կազմակերպվելու, որպեսզի ապրանքների ներմուծումը իրականացվի ըստ տեսականու: Որտեղ դա այս կամ այն կերպ դեռեւս հնարավոր չի լինի՝ մենք կիրականացնենք մաքսազերծումը նաեւ կիլոգրամով՝ այնպես, ինչպես իրականացնում է «Նորֆոլկ»-ը: Խոսքը մանր ու միջին ձեռնարկատերերի, անհատ ձեռնարկատերերի ներկրման մասին է, հագուստեղեն ներկրողների»:
Սամսոն Գրիգորյանն այս նոր պետական մաքսազերծող ընկերության գործառույթին թերահավատորեն է մոտենում: Գրիգորյանի կարծիքով՝ այն տեղով մեկ կոռուպցիա է. «Նախկինում կարգոներն էին, «Նորֆոլկն» էր, հիմա էլ՝ սա: Ի՞նչ տարբերություն , եւ ինչո՞ւ պետք է կոռուպցիա չլինի: Սա մի միջնորդ ընկերություն է լինելու, միջնորդ՝ պետության եւ տնտեսավորղի միջեւ, եւ որտեղ կա միջնորդ, այնտեղ կա կոռուպցիոն ռիսկ: Եվ ինչո՞ւ պետք է տնտեսվարողը պետական միջնորդ ընկերությանը ավելի գումար վճարի: Ինչո՞ւ պիտի տնտեսվարողի եւ պետության միջեւ միջնորդ լինի»:
Գրիգորյանի կարծիքով՝ պետք է թողնել տնտեսվարողներն իրենք իրենց հաշիվ-ապրանքագրով իրականացնեն մաքսազերծումը. «Ինչո՞ւ եք խճճում ու բարդացնում իրավիճակը, ինչո՞ւ եք նոր հեծանիվ հորինում, օրենքով ինչ կա՝ դա արեք: Կարծես արհեսատական խոչընդոտներ ստեղծեն, իբրեւ՝ լավ, եկեք ձեզ համար այս կառույցը բացենք»:
Նոր իշխանությունը խոստացել է թեթեւացնել փոքր ու միջին ձեռներեցների հոգսը եւ բարենպաստ պայմաններ ստեղծել աշխատելու եւ զարգանալու համար: Սամսոն Գրիգորյանն առայժմ նման բան չի նկատում: Գրիգորյանը վստահեցրեց՝ հեղափոխությունից հետո ՊԵԿ-ի աշխատաոճում փոփոխություններ նկատել էր սկզբում, բայց վերջին օրերին, ըստ Գրիգորյանի, կարծես նախկինին են վերադառնում. «Հարկայինը տոտալ տուգանում է մանր բիզնեսին, ՓՄՁ-ին: Բայց այս բիզնեսն էլ մասնակցել էր հեղափոխությանը, որովհետեւ դժգոհ էր նախկին իշխանութւյան հարկային-մաքսային քաղաքականությունից: Եվ հեղափոխության իմաստն էլ այն էր, որ հանգիստ թողնեն մանր բիզնեսին: Հիմա տոտալ տուգանում են՝ ՀԴՄ-ի համար, աշխատողին չգրանցելու համար: Բոլորս էլ հասկանում ենք, որ մանր բիզնեսում ամեն ինչ կատարյալ չէ, հասկանում ենք, որ օրենքի խախտումներ կան, բայց դա պատճառահետեւանքային կապ ունի, եւ իզուր չեն խախտում: Այսինքն՝ խնդիրներ կային, որ նման քայլերի էին գնում ու հենց դրա համար էլ դեմ էին այն իշխանությանը: Բայց առայժմ հեղափոխությունը մեզ համար միայն «зрелище» է:
ՓՄՁ-ների խնդիրներին խորությամբ եւ արմատապես չեն անդրադառնում»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.07.2018