Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականները վերադարձել են Զագրեբում անցկացված աշխարհի առաջնությունից: Մեր ըմբիշներն ընդհանուր առմամբ նվաճել են մեկ ոսկե ( հունահռոմեական ըմբշամարտում) եւ երկու արծաթե (ազատ եւ հունահռոմեական ոճերում):
Այսօր հավաքականների ավագ մարզիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են աշխարհի առաջնության արդյունքները:
Գագիկ Խաչատրյանը գոհ է իր սաների մասնակցությունից: «Հունահռոմեական ոճում մենք մասնակցեցինք յոթ ըմբիշով, որոնցից երկուսը տուն վերադարձան մեդալով: Կարեն Խաչատրյանը հաղթեց անցկացրած բոլոր հինգ գոտեմարտերում, իսկ եզրափակչում նա տիրում էր նախաձեռնությանը Եվրոպայի գործող չեմպիոն վրացի մրցակցի նկատմամբ: Մենք հույս ունեինք, որ ոսկի կնվաճի նաեւ Շանթ Խարատրյանը: Սակայն վճռորոշ գոտեմարտում սխալ թույլ տվեց ու պարտվեց Եվրոպայի չեմպիոնին: Գոհ եմ նաեւ մեր մյուս ըմբիշներից, որոնք տարան առնվազն մեկ հաղթանակ եւ հաշվարկային միավորներ բերեցին մեր թիմին»», – ասաց Գագիկ Խաչատրյանը:
Ազատ ոճայինների ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանն էլ նշեց, որ իր թիմը ներկայացված էր հինգ մարզիկով: «Եվրոպայի ներկայիս չեմպիոն Ռաֆայել Հարությունյանը եզրափակչի ճանապարհին մեծ առավելությամբ մի քանի հաղթանակ տարավ: Նա ցանկանում էր իր մեդալների հավաքածուն համալրել նաեւ աշխարհի չեմպիոնի ոսկով, սակայն տակտիկական սխալի պատճառով զիջեց իրանցուն՝ բավարարվելով միայն արծաթով: Մենք այս տարիքային խմբում 21 տարի մենք մեդալ չունեինք, այդ պատճառով էլ գոհ ենք: Բավարարված եմ նաեւ Նարեկ եւ Նորիկ Հարությունյանների մրցելույթներից, որոնք կարողացան հաղթել մի քանի լուրջ ըմբիշների եւ հինգերորդ տեղեր զբաղեցնել: Նրանք Զագրեբում մրցակցային լուրջ փորձ ձեռք բերեցին», – ասաց Ա. Հայրապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ