Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բելգիայի Թագավորություն: Կառավարության ղեկավարի առաջին կանգառը եղել է «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնը: Այստեղ նա հանդիպել է կենտրոնի փորձագետների, ինչպես նաև ԵՄ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Վարչապետը նախ անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, խաղաղ թավշյա հեղափոխությանն ու ընթացող փոփոխություններին, ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը, գործադիրի մյուս առաջնահերթությունները, այդ թվում՝ տնտեսության ոլորտում, Հայաստան-ԵՄ հարաբերություններում և պատասխանել ներկաների մի շարք հարցերի: «Մենք հաղթահարել ենք մեր սեփական վախերը և իրագործել սիրո և համերաշխության հեղափոխություն՝ վերացնելով ինքնավերարտադրվող իշխանությունը` դրանով ինքներս մեզ և աշխարհին հայտարարելով, որ երբեք էլ թույլ չենք տա, որ մեկ անձը որոշում կայացնի բոլորի անունից: Հայաստանի քաղաքացին հաղթահարել է այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են՝ կոռուպցիան, անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը: Մենք գտնվում ենք արագ փոփոխությունների օգնությամբ ավելի բարգավաճ, ներառական և արդիականացված Հայաստան կերտելու նոր փուլում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ տեղի ունեցած հեղափոխության մեջ գոյություն չունի աշխարհաքաղաքական համատեքստ, և նոր կառավարությունը չի ծրագրում որևէ արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր: «Հայաստանի նոր կառավարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի արմատախիլ արվեն մեր զարգացումը դանդաղեցնող բոլոր խոչընդոտները»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կոռուպցիայի բոլոր ձևերի դեմ պայքարն օրակարգային առաջնահերթություն է և հավելել, որ արդեն իսկ բացահայվել են կոռուպցիայի մի շարք խոշոր դեպքեր: «Այսօր նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցած անձինք զգում են արդարադատության ողջ խստությունը: Բոլոր գործերի քննությունները կիրականացվեն խստորեն՝ համաձայն օրենքի: Մեկ այլ կարևոր հանձնառություն է՝ կազմակերպել իսկապես ազատ և արդար ընտրություններ: Հիմա Հայաստանի քաղաքացիները գիտեն, որ իրենց ձայնը կշիռ ունի: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը խարխլելու հնարավորություն չի լինի: Ուստի մենք նախաձեռնել ենք ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու ներառական գործընթաց: Մենք ապահովելու ենք դատական համակարգի անկախությունը, հաստատակամորեն արմատախիլ կանենք կոռուպցիայի մեջ թաթախված նախկին դատական համակարգի արատավոր պրակտիկան»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ վերոհիշյալ միջոցառումները կստեղծեն բարենպաստ միջավայր տնտեսական զարգացման համար, որը կառավարությունը համարում է ազգային անվտանգության առանցքային բաղադրիչ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տնտեսության յուրաքանչյուր բնագավառում կառավարությունը կստեղծի հավասար պայմաններ բիզնեսի մրցունակ գործունեության համար: Նա նկատել է որ գործնականում Հայաստանի տնտեսության առավել մրցունակ ոլորտները՝ ՏՏ-ն, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունն արագորեն աճում են: «Մեր աշխարհագրական դիրքը, խորը գիտելիքներով և միջմշակութային կապերով օժտված մարդկային ռեսուրսները, հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը երկրի մրցունակության հատկանիշներն են, և մեր հասարակությունն ինձ վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Մենք Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ ենք, որը մեր տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել: Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ և ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով այն ընդունելի է երկու կողմերի համար»,- ընդգծել է վարչապետ Փաշինյանը: