Վերջին օրերին Գյումրիում ամենաքննարկվող թեման քաղաքի Տեքստիլագործների թաղամասում գտնվող Մհեր Մկրտչյան N 49/3 հասցեում տեղակայված Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբին տարածքից հանելու ու այն ամերիկահայ բժիշկ, բարերար Հովհաննես Օյունջյանին տրամադրելու շուրջ է։ Բժիշկը ցանկանում է իր հերթական բարեգործությունն անել քաղաքում․ այնտեղ ֆիլհարմոնիա կառուցել։ Մյուս կողմից էլ` սա մտահոգության թեմա է, քանի որ լուծված չէ հանրապետության պատիվը միջազգային հարթակներում բարձր պահող նվագախմբի շենքային հարցը։
Այս թեմայի շուրջ բուռն քննարկում էր ծավալվել Գյումրու ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջում։ Լևոն Բարսեղյանը, տեղադրելով ավագանու նիստի օրակարգում ներառված որոշման նախագիծը, բացատրություն էր պահանջել այն պաշտոնյաներից, որոնք առաջ են քաշել նվագախումբն այդ տարածքից հեռացնելու ու այն անորոշ տեղ ուղարկելու վարկածը։ Նշենք, որ հարցն ավագանու նիստի քննարկմանը ուղարկել էր Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը։ Վերջինս անմիջապես արձագանքեց Լևոն Բարսեղյանի գրառմանը՝ վստահեցնելով, որ նվագախումբը դրսում չի հայտնվի, այն կտեղափոխվի շենքային պայմաններ ունեցող կառույց, որի ծախսերը կհոգա «Օյունջյան» հիմնադրամը, իսկ հարդարման աշխատանքները կկատարի կառավարությունը։
«Նվագախումբն այս պահին գործում է տնակային պայմաններում, այսպես մենք և՛ բարեգործին ենք հնարավորություն տալիս, և՛ նվագախմբին ենք տեղափոխում շենքային պայմաններ։Հարցն այս պահին միայն նոր շենքի հարդարման մեջ է, որի մասին տեղյակ է նաև կառավարությունը»,- Լևոն Բարսեղյանին պատասխանել էր մարզպետը։ Իհարկե, այս ամենից անհանգստացած՝ նվագախմբի անդամները ևս իրենց գրառումներ էին կատարել, անհամաձայնությունն արտահայտել։
Շիրակի մարզպետի ու նվագախմբի անդամների հանդիպումից հետո որոշվեց հարցն այլ տարբերակով ուղարկել ավագանու նիստի քննարկմանը․ բարերարին այնքան ժամանակ չթույլատրել շինարարություն ծավալելու տվյալ տարածքում, քանի դեռ լուծված չէ նվագախմբի շենքային հարցը։
Այսօր հարցը վերամշակված տարբերակով քննարկվեց Գյումրու ավագանու նիստին․ ներկա էր նվագախմբի ողջ անձնակազմը։ Դահլիճի վերջին շարքերում նստած՝ նրանք սրտատրոփ սպասում էին, թե ավագանին ինչ լուծում կտա իրենց հարցին։
Թե՛ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, թե՛ նորանշանակ փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը, և թե՛ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը պնդեցին, որ հայրենասեր բարեգործն այնքան ժամանակ չի կարողանա շինարարություն ծավալել, քանի դեռ չեն լուծել նվագախմբի շենքային հարցը։ «Օյունջյան» հիմնադրամին տվյալ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով է տրամադրվում։
Փոխմարզպետը պարզաբանեց, որ այս պահին մարզպետարանը զբաղված է նվագախմբի համար նոր շենք գտնելով, շենքը կգտնեն, այն կվերանորոգեն, նվախագումբը կտեղափոխվի նոր շենք, նոր միայն բժիշկը կկարողանա սկսել շինարարությունը։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ ասաց, որ ամսի 13-ին Հովհաննես Օյունջյանի ծնունդն է, նա այս պահին Գյումրիում է ու ուզում է այն նշել ֆիլհարմոնիայի հիմնարկեքը տեղադրելով։ Այն կտեղադրվի բժշկի կառուցած «Վարդուհի» արվեստի կենտրոնի և ժողգործիքների նվագախմբին պատկանող տնակի արանքում։
Սամվել Բալասանյանի տեղեկացմամբ, բժիշկը, նախնական տվյալներով, 3 միլիոն դոլարի ներդրում է անելու։ «Հիմա Օյունջյանը վատառողջ է, շատ եմ սիրում այդ մարդուն, հրաշք մարդ է, իր ողջ կարողությունը, ունեցվածքը դրեց Գյումրու վրա»,- ասաց Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ պետք է լուծել նաև ժողգործիքների նվագախմբի հարցը։
Ըստ քաղաքապետի, քաղաքապետարանի կամ կառավարության ենթակայության տակ գտնվող շենքերից մեկը կվերանորոգեն ու կտան ժողգործիքների պետական նվագախմբին։ Քաղաքապետը հիշեցրեց, որ բժիշկ Օյունջյանը ևս պարտավորություն է վերցրել վերակառուցման ժամանակ օգնել։ « Ֆիլհարմոնիան քաղաքին պետք է, բայց ժողգործիքներն էլ մեր քաղաքի պարծանքն են»,- ասաց Սամվել Բալասանյանը։
Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, հիշեցնելով «Օյունջյան» հիմնադրամի կողմից 11 տարի առաջ Գյումրու քաղաքային տպարանի ու «Կումայրի» թերթի խմբագրության շենքը վերցնելու տխուր փորձը, որի պատճառով այս երկու կառույցներն այլևս չկան, առաջարկեց խմբագրել հարցը, երկու առանձին կետերով չներկայացնել։
Նա առաջարկեց հստակ ձևակերպել իրավական ակտը, որպեսզի հետո տարընթերցումների տեղիք չտա։ «Այս ձևակերպմամբ ռիսկ կա, որ երբևէ տարածքը կազատվի նվագախմբի շինությունից և կասեն՝ սպասեք հլը երկրորդ կետի ժամանակը չէ։ Դրա համար առաջարկում եմ երկրորդ մասը հանվի եւ առաջին կետի շարունակություն դառնա: Երկրորդ կետի առաջին պարբերությունն, ընթերցում եմ՝ հողամասի տրամադրման և համերգասրահի կառուցման թույլտվության նախապայման է հանդիսանում «Օյունջյան» բարեգործական հիմնադրամի կողմից Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի համար շենքի ձեռք բերումը»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Ավագանին համաձայնեց ու ընդունեց հարցը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ