ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հուլիսի 10-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսիին եւ Բարեվարքության ամրապնդման ծրագրի ղեկավար Բենեդիկտ Բորելին:
Ողջունելով հյուրերին՝ Կորյուն Նահապետյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ գործընկերության ծրագրերի իրականացումը:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին եւ վերջին զարգացումներին՝ կարեւորելով միջազգային գործընկերների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանն աջակցելու գործում:
Ռոզարիա Պուգլիսին շեշտել է Հայաստանի կարեւորությունը ՆԱՏՕ-ի համար՝ որպես հուսալի գործընկերոջ եւ վերահաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը՝ շարունակելու երկխոսությունը եւ առկա ծրագրերը Հայաստանի հետ:
Բենեդիկտ Բորելն իր հերթին անդրադարձել է Հայաստանի զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ծրագրերի ներդրմանը եւ դրան առնչվող խնդիրներին:
Կողմերը երկուստեք կարեւորել են ՀՀ զինված ուժերում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Հանդիպմանը քննարկվել են նաեւ ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը եւ դրա արդյունավետության բարձրացման ուղիները:
Կորյուն Նահապետյանը ներկայացրել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին ՀՀ ԱԺ պատվիրակության մասնակցության արդյունքները, ինչպես նաեւ վեհաժողովի հետ ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցության ծրագրերը:
Հանդիպման ավարտին կողմերը մեկ անգամ եւս վերահաստատել են շահագրգռվածությունը փոխշահավետ նոր ծրագրերի իրագործման հարցում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ