Այսօր Գյումրու ավագանին որոշեց քաղաքի տարածքում գտնվող ռադիոգործարանի հանրակացարանի նախկին շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ժամացույց արտադրող շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը։ Նման խնդրանքով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին է դիմել ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշը։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասաց, որ մեծահարուստ գործարարին հատկացվելիք շենքը բնակեցված է մի քանի ընտանիքների կողմից։
«Ըստ պայմանավորվածության, այդ շենքի համար մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարվելու, լինելու է արհեստի կենտրոն՝ համապատասխան արտադրամասերով՝ ոսկերչություն, կաշվի արտադրություն»,- ասաց ճարտարապետը։
Նա նաև ասաց, որ ներդրողը իր վրա պարտականություն է վերցնում 11 բնակիչներին վերաբնակեցնել, նաև հանրակացարանային մաս է կառուցելու, որպեսզի իր մոտ աշխատող անօթևան մարդկանց կացարան հատկացնի։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ մանրամասնեց, որ տրամադրվող շենքի դիմաց կա նաև երկրորդ շենք, իրենք դիմել են մարզպետին, մարզպետն էլ կառավարությանը, որպեսզի այն ևս անհատույց տրամադրեն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը։ Այստեղ ևս Վարդան Սրմաքեշն ուզում է մեկ միլիոն դոլար ներդնի վերակառուցման համար, որը կծառայի որպես հանրակացարան։
Հարցը միանշանակ չընդունվեց ավագանու անդամների կողմից։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներից մեկը՝ Սուսաննա Աստոյանն ասաց, որ անձամբ ինքը չունի վստահություն Վարդան Սրմաքեշի նկատմամբ։ Ըստ տիկնոջ, վերջինս, Գյումրիում, վերցնելով մարզային հիվանդանոցի շենքը ու կառուցելով «Սաստեքս» կարի գործարանը, հսկայական պարտքեր ունի շինանյութերի խանութներին։ Բացի այդ, մինչև օրս չի կատարել իր խոստումը և չի բացել գործարանը։
Սամվել Բալասանյանը սակայն խնդրեց նման ձևով չարտահայտվել Վարդան Սրմաքեշի մասին, ըստ նրա, նա շատ հայրենասեր ու մեծահարուստ մարդ է։
Ըստ քաղաքապետի, հիվանդանոցի շենքում գործընկերային հարաբերություն կա, և պարոն Սրմաքեշն իր մասը հատուցել է։ «Հիմա օգոստոսի 15-16 խոստացել են «Սաստեքսը» բացել և չէի ուզենա, որ նման կարծիք ունենայիք Սրմաքեշի մասին՝ գիտենալով նրան։ Սրմաքեշը կյանքում չի կարող ունենալ որևէ խանութի պարտք, պարտք կարող է ունենալ շինարարը։ Եթե շինարարական կազմակերպությունը պարտք է, դա չի նշանակում, թե Սրմաքեշն է պարտք»,-ասաց քաղաքապետը։
Սամվել Բալասանյանը նաև հայտնեց, որ Վարդան Սրմաքեշը 99 տարով է ուզում տարածքը, ավագանին կողմ քվեարկեց նրան տարածք հատկացնելուն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ