«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության համար փոխըմբռնման հուշագրի հարցն է քննարկվում խորհրդարանում: Այն ներկայացրեց մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն 1, 46 մլրդ եվրո է, իսկ մշակութային ենթածրագրի բյուջեն 318 մլն եվրո: ՀՀ-ն ծրագրին մասնակցելով՝ կարող է օգտվել այդ 318 մլն եվրո բյուջեի հատկացման դրամաշնորհային հայտերից, բայց տարեկան պետք է վճարի 52 հազար եվրո: Բայց հնարավոր է, որ բանակցությունների շնորհիվ եվրոպական հանձնաժողովը մասամբ ինքը վճարի այդ 52 հազարի մի մասը: Ընդ որում, այդ տարեկան վճարն ամեն տարի կարող է փոփոխվել:
Նա ասաց, որ ծրագրով աջակցություն կլինի մշակույթի բնագավառին եւ այդ բնագավառի արդյունաբերողներին, այսինքն, այն մարդկանց, որոնք մշակութային արժեք են ստեղծում՝ որպես արտադրանք:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե մենք ի՞նչ հնարավորություն ունենք այդ 318 մլն եվրոյից օգտվելու՝ հաշվի առնելով, որ մի շարք երկրներ կարող են այդ գումարը ստանալ, իսկ ՀՀ-ն առաջին անգամ է մասնակցում: Տիկին Ղարիբյանը պատասխանեց, որ եթե անգամ Հայաստանից 1 հայտ լինի, այդ հայտը հնարավորություն ունի բերել 60-200 հազար եվրո գումար, իսկ եթե լայնամասշտաբ ծրագրով հանդես գա, կարող է շահել մինչեւ 2 մլն եվրո՝ մեկ հայտով:
«Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հարթակ ձեւավորելու համար գրասենյակ է գործելու, որտեղ աշխատելու է 3 փորձագետ:
Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փոխըմբռնման հուշագիրը վավերացնելը համարեց պատմական եւ ուշացած: Նա ասաց, որ նախորդ կառավարությունների հանցավոր անգործության պատճառով այս հուշագիրը ձգձգվել է տարբեր բյուրոկրատական քաշքշուկներով եւ մեր ստեղծագործողները զրկված են եղել այդ ծրագրի բյուջեից օգտվելու հնարավորությունից:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ