Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը չի թողնում, որպեսզի զույգերը 2-րդ, 3-րդ երեխան պլանավորեն

Հուլիս 11,2018 16:27

Ամուսնական զույգերը մեր երկրում մի շարք խնդիրների պատճառով երեխա ունենալու ծրագրերը հետաձգում են: Այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտների ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանը: Ըստ նրա, երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը չեն թողնում, որ զույգերը 2-րդ, 3-րդ երեխան էլ պլանավորեն. «Սահմանամերձ շրջաններում երեխայի պլանավորման խնդիրն ավելի լուրջ է դրված, քանի որ այնտեղ միգրացիոն գործընթացներն ավելի ակտիվ են»,-ասաց տիկին Ասլանյանը՝ նշելով. որ չնայած զույգերի՝ երեխաներ ունենալու ցանկալի թիվը երեքն է:

Թե ինչպիսի պատճառներով են զույգերը հետաձգում երեխա ունենալու ծրագրերը, պարզել է «ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները 2017 թ.» հետազոտությունը, որի շրջանակում հարցման են ենթարկվել 2301 տնային տնտեսությունների 15-45 տարեկան վերարտադրողական տարիքի կանայք եւ 15-54 տարեկան վերարտադրողական տարիքի տղամարդիկ: Ըստ Անի Ասլանյանի, հետազոտության նպատակը եղել է պարզել, թե որ վերարտադրողական վարքագծի վրա ինչպիսի ազդող գործոններ ու միտումներ կան եւ ինչպիսին է ընդհանուր իրավիճակը Հայաստանում:

Թե ինչու են զույգերը ցանկանում հենց 3 երեխա ունենալ, հարցվածների 27,3 տոկոսը պատասխանել է, որ դա կապահովի ընտանիքի ամրությունն ու առողջ վերարտադրողական վարքագիծը: 12 տոկոսը կարծում է, որ այդպես է ընդունված հայկական ընտանիքներում:

Հետազոտությունն իրականացվել է 2017-ին: Զույգերը նաեւ նշել են, որ երեխա ունենալը հետաձգելու պատճառներից մեկն էլ աշխատանքի ու արժանավայել վարձատրության բացակայությունն է:

Հետազոտությամբ նաեւ պարզվել է, որ ամուսնական զույգը երեխա ունենալուց հետո միտում չունի վերարտադրողական առողջությանը հետեւելու, պրոֆիլակտիկ ստուգումներ անցնելու, չնայած միջազգային նորմը պահանջում է՝ առնվազն տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ ծառայություններից օգտվել: Սակայն հարցվածների 60 տոկոսը նշել է, որ դրա կարիքը չունի, քանի որ չկա բժշկական ցուցում:

Ասուլիսին ներկա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանի խոսքով, պետությունները պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի զույգերը կարողանան ունենալ հաջորդ պլանավորած երեխան, որն էլ, նրանց կարծիքով, վտանգ չի հանդիսանա նրանց ընտանիքի բարեկեցության համար. «Հետազոտությունները պարզել են, որ մի կողմից ծնողներն ուզում են աշխատել, բայց մյուս կողմից՝ ծնողական պարտականություններն իրականացնելու խնդիր ունեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031