ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս վերադարձի կոչ էր հղել 27 տարին չլրացած այն հայ երիտասարդներին, որոնք խուսափելով զինվորական ծառայությունից՝ մեկնել էին արտերկիր: Այսպես, հունիսի մեկից մինչեւ հուլիսի տասը ՀՀ է վերադարձել մոտ հարյուր հետախուզվող. թիվը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության առաջին վարչության հետախուզության եւ էքստրադիցիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Խաչիկ Մուրադյանը: Նրա փոխանցմամբ՝ ոստիկանությունում կարծում են, որ թիվն առաջիկայում կավելանա. «Միայն այսօր եւս չորս անձ է զանգել ոստիկանություն եւ հետաքրքրվել վերադարձի մասին»:
Խաչիկ Մուրադյանը վստահեցրեց, որ հետախուզվողներին անցակետերում եւ օդանավակայաններում չեն ձերբակալի. նման խափանման միջոց նախատեսված չէ: «Վարչապետի կոչից հետո կտրուկ փոխվել է վերաբերմունքը ՀՀ վերադառնալու հանդեպ»,-արձանագրեց ոստիկանության պաշտոնյան: Նա նաեւ հայտարարեց, որ նշյալ ժամանակահատվածում 27 տարին լրացած 135 անձ ծառայությունից խուսափելու համար օրենքով սահմանված գումարն է վճարել:
Խաչիկ Մուրադյանի փոխանցմամբ՝ եւս 200 երիտասարդ դիմել է ծառայելու համար՝ այն դեպքում, երբ մարտից հունիս ընկած ժամանակահատվածում զինվորական հաշվառման մեջ չի եղել: «Առհասարակ, ներկայում 11 հազար երիտասարդներ, որոնց 27 տարին չի լրացել, գտնվում են հետախուզման մեջ»,-եզրափակեց Մուրադյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/2073339566017881/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ