Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զոհվածի ընտանիքի անդամը բանակ չի գնա, դպրոցում սովորող 19 տարեկանը լրացածներին կտան տարկետում. Նոր նախագիծ

Հուլիս 11,2018 15:42

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ասաց, որ առաջարկվում է, որ եթե ընտանիքում կա զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա զինակոչման ենթակա անձը կարող է ազատվել զինծառայությունից: Սա այն դեպքում, երբ ընտանիքն ունի մեկ արու զավակ:

Ներկա կարգավորումներով, եթե 19 տարին լրանալու ժամանակ անձը սովորում է հանրակրթական դպրոցում, ենթակա է զորակոչման՝ առանց ավարտելու: Հիմա հնարավորություն է տրվում, անկախ 19 տարեկանը լրանալու հանգամանքից, կառավարության որոշմամբ մեկ անգամ ստանա տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտը:

Երրորդ փոփոխությունն այն է, որ այն ուսանողները, որոնք ընդունվել են տարկետման իրավունքով բակալավր, սակայն նրանք այդ ժամանակ եղել են 17 տարեկան եւ չի ձեւակերպվել նրանց տարկետման իրավունքը, քանի որ զորակոչման տարիքի չեն հասել, հիմա նրանց ուսումնառության ժամանակահատվածով նրանց նույնպես կտրվի տարկետման իրավունք:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Մարինա Մարգարյանը հարցրեց՝ եթե քոլեջի ուսանողը կամ աշակերտը մնում են նույն դասարանում կամ նույն կուրսում, նրանք օգտվելո՞ւ են տարկետման հնարավորությունից, թե՞ ոչ:

Փոխնախարարը պատասխանեց, որ նախագծում գրել են մեկ անգամ, որ կոռուպցիոն ռիսկը նվազեցնեն. «Եթե աշակերտը վատ է սովորում, ակադեմիական անբավարար առաջադիմություն է ցուցաբերում, նրան անմիջապես տանում են բանակ: Նրան հնարավորություն է տրվում մեկ անգամ՝ սովորելու, այլեւս կառավարությունը չունի լիազորություն տարկետում տալու»:

Մարգարյանը հարցրեց՝ նախագիծն ինչպիսի՞ ազդեցություն կունենա զորակոչի նկատմամբ: Բալայանը պատասխանեց, որ 2018-ի ամառային զորակոչի համար 7 նման շահառու ունեն:

Բալայանը նաեւ ասաց, որ այս ամառային զորակոչի ընթացքում 11 հոգի կա, որոնցից 10-ը ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիներ են ու կրթական համակարգերի տարբերությունից ելնելով՝ վերադառնալով ՀՀ, մի դասարան ցածր են նստել, ուստի տարկետման իրավունքը կտարածվի նրանց վրա:

ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հարցրեց՝ եթե ընտանիքում կա 3 արու զավակ, որոնցից մեկը բանակում զոհվել է, ի՞նչ առավելություն կա մյուս երկու որդիների պարագայում: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ դեպքում նրանք զորակոչվելու են բանակ, բայց մարտական հերթապահության չեն ուղարկվելու, նրանք կծառայեն զորամասային օղակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031