ՀՀ ոստիկանությունը հաղորդում է. «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 10-ին՝ ժամը 18.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թ. ծնված Արտեմ Պ.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արտեմ Պ.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն»:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդել էր. «Քննչական գործողությունների արդյունքում հայտնի է դարձել, որ Նարեկ Սարգսյանը (լուսանկարում) 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ ՀՀ տարածքը լքելը Սարգսյանն իր թիկնապահի միջոցով Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին, նույն թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել է վերոնշյալ բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր»: Ըստ նույն հաղորդագրության՝ «Նարեկ Սարգսյանն ու Արտեմ Պետրոսյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը»: