Այսօր կալանքից ազատ արձակված «Սասնա ծռեր» խմբի անդամներից ազատամարտիկ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Մխիթար Ավետիսյանը կմասնակցի առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց ոչ որպես պատգամավորի թեկնածու:
Հիշեցնենք՝ «Հիմնադիր խորհրդարան» շարժումը Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ մասնակցելու է ընտրություններին:
Լրագրողների հետ զրույցում այսօր Ավետիսյանն ասաց՝ գուցե «ծռերից» որոշներն առաջադրվեն որպես թեկնածու, բայց այս պահին հստակ բան չկա:
Մխիթար Ավետիսյանը խոսեց նաեւ այն մասին, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին խմբի անդամները պիտակավորել էին ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Այն ժամանակ այլ իրավիճակ էր: Իսկ այսօր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել է մեծ հաջողության»,-նշեց նա:
Ապա վստահեցրեց, որ իրենց կողմից զինված ապստամբության էջը փակված է. «Չեմ կարծում, որ նախկին ռեժիմը նորից կգա, մենք էլ ստիպված կլինենք ապստամբության դիմել: Այդ էջը փակված է»:
Ինչ վերաբերում է գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ-ի բացահայտումներին, Մխիթար Ավետիսյանն ասաց. «Գողացողն ամեն տեղից էլ գողանում է, ճիշտ չէ «բանակից գողացող» արտահայտությունն առանձնացնել: Կարծում եմ՝ բոլոր գողացողներն էլ պատասխանատվության կենթարկվեն»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2073250939360077/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ