Ինձ են դիմել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչները, ովքեր մտահոգ են իրենց համայնքում տիրող լարված իրավիճակի համար։ Ազատամուտ համայնքի ավագանին չի հաստատել 2017-2018 թթ տեղական բյուջեն, քանի որ համայնքի ղեկավարը իր գործունեության ընթացքում թույլ է տվել մի շարք չարաշահումներ,որոնք բացահայտ խախտումներ են ՏԻՄ օրենքի պահանջները , այդ մասին բազմիցս հրապարակվել է մամուլում։
Բնակիչները տեղեկացնում են նաև համայնքային բյուջեով նախատեսված կարիքավոր ընտանիքներին տրամադրվող սոցիալական օգնությունների կողմնակալ և ոչ արդար բաշխման բազմաթիվ դեպքերի մասին, նույնիսկ աղաղակող այնպիսի փաստեր, ինչպիսիք են համայնքապետարանի աշխատակիցներն իրենց աշխատավարձերից, պարգևավճարներից և խրախուսական հավելավճարներից զատ ստացել են նաև սոցօգնություններ։
Չարաշահումները բազմաթիվ են, մասնավորապես առավել ակնհայտ է քաղաքաշինության, մշակութային, կոմունալ ծառայության և սպորտի ոլորտներում: Համայնքի ղեկավարի և ավագանու միջև առկա լարվածության պատճառով, չի գործում հիմնովին վերանորոգված մանկապարտեզի շենքը։
Փաստորեն լարվածության հետևանքով տուժում են սահմանամերձ համայնքի մեր մանուկներն ու նրանց ծնողները։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ խոսքս վերաբերում է այն համայնքին, որի ղեկավարը Ժորա Մարտիրոսյանն է և ով իր անուն ազգանունը գրելուց Ժորան գրում է կլոր օ-ով և պատճառաբանում է, որ խնդիրը իր ռուսական կրթությունն է։ Հետևությունը թողնում եմ Ձեզ։
Հուսով եմ այս խնդիրը կարժանանա կառավարության ուշադրությանը։
Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՅԴ խմբակցության պատգամավոր