Ընդհանուր առմամբ ընթացիկ տարին դաշտավարության և բուսաբուծության առումով այնքան էլ բարենպաստ չէր: Պայմանավորված տարբեր հիվանդությունների և վնասատուների առկայությամբ՝ ունեցել ենք որոշակի կորուստներ, սակայն հասցված ամենամեծ վնասը մայիս-հունիս ամիսներին տեղացած կարկուտներն ու ուժեղ քամիներն են եղել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:
Ըստ նախարարի՝ միայն աշնանացան ցանքատարածություններին հասցված վնասը կազմում է շուրջ 10 հազար հեկտար, իսկ ևս 4 հազար հեկտար ցանքատարածություններ տարբեր աստիճանի վնասներ են կրել:
«Այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ ցորենի և գարու բերքի կորուստը կազմում է 25-30 հազար և սա բնակլիմայական պայմանների հետևանքով ունեցած կորուստներ առումով աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար»,- նշեց Ժիրայր Միրզոյանը և վստահեցրեց, որ վնասների վերջնական չափերի հստակեցումից հետո կորոշվեն տուժած հողօգտագործողներին պետական աջակցություն ցուցաբերելու տարբերակները:
Անդրադառնալով բերքահավաքի ընթացքին՝ նախարարը նշեց, որ այս պահին 77 հազար հեկտար աշնանացան ցորենի և գարու ցանքատարածքներից մնում է շուրջ 9000 հեկտար ցորենի ցանքատարածքներ, որոնց բերքահավաքը դեռևս շարունակվում է:
«Այսօր մեզ համար օրախնդիր է նաև գյուղատնտեսության գրագետ վարումը, քանի որ ստացված բերքի ցուցանիշները կողք-կողքի գտնվող ցանքադաշտերում տարբեր են և այստեղ որևէ օբյեկտիվ գործոն չկա: Այդ տարբերությունը մարդկային գործոնի հետևանք է և պայմանավորված է մշակման փուլում կատարված աշխատանքներով»,- ընդգծեց Ժիրայր Միրզոյանը:
Նա նաև խոսեց գարնանացանի ծավալների մեծացման վերաբերյալ, նշելով, որ աշնանացանի քանակը նվազեցնելով պետք է մեծացնել գարնանացան մշակաբույսերի ցանքադաշտերը՝ պետական աջակցություն ցուցաբերելու և խորհրդատվական աշխատանք կատարելու միջոցով՝ քանի որ Արցախում գարնանացան մշակաբույսերը ավելի մեծ արդյունավետություն ունեն:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ