Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալներին տեսակցելու ժամանակը կրկնապատկվում է. լինելու է 6 կարճատեւ եւ 2 երկարատեւ հանդիպում՝ տարեկան

Հուլիս 11,2018 14:57

Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» իր նախագիծը, որով առաջարկվում է դատապարտյալների համար հիմնական իրավունք հանդիսացող ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ կապի իրավունքը ապահովել եւ ներկայումս առկա տեսակցությունների՝ կարճատեւ եւ երկարատեւ հանդիպումների ժամկետը կրկնապատկել:

Առանձնապես ծանր հանցանքների համար որոշակի ժամկետով դատապարտման կամ ցմահ դատապարտված անձանց համար ներկայումս տրվում է տարվա ընթացքում 3 կարճատեւ եւ 1 երկարատեւ հանդիպում: Զեյնալյանի խոսքով՝ «Նման պայմաններում խաթարվում է նշված խմբի մարդկանց կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ, ինչը կարող է ուղեկցվել հոգեբանական եւ բազմաթիվ այլ խնդիրներով՝ ոտնահարելով դատապարտյալների՝ ընտանիքի անդամների երեխաների, ծնողների հետ շփման իրավունքը եւ բարձրացնելով կրկնահանցագործությունների ռիսկը»:

Հիմա կառավարությունն առաջարկում է կրկնապատկել տեսակցությունների ժամկետը եւ այդ  դատապարտյալներին տրամադրել  առնվազն 6 կարճատեւ եւ 2 երկարատեւ հանդիպում։

ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը ողջունեց, որ տեսակցությունների ժամանակը ավելացնում են:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ միգուցե հնարավորություն ստեղծվի ավելի հաճախ շփման շանս տալ դատապարտյալներին, որոնք ունեն ընտանիքի ջերմության կարիքը, մեր պետությունը չպետք է ափսոսի: Նախարարը պատասխանեց, որ ընդունում են՝ դա հանցագործությունների կանխարգելման միջոց է նաեւ, բայց այս պահին կարող են միայն կրկնապատկել հանդիպումների քանակը, առաջիկայում հնարավոր է տեսակցությունների քանակն ավելացնել, նաեւ որակը բարելավել:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցրեց՝ կրկնապատկում եք տեսակցությունը, ի՞նչն է խանգարում քառապատկել: Զեյնալյանը պատասխանեց, որ այն դատապարտյալների քանակը, որոնք կարող են տեսակցել, շենքային պայմանները, անվտանգության երաշխավորումն ապահովելը, քրեակատարողականի ծառայողների քանակը. «Այս պահին հնարավորություն ունենք միայն կրկնապատկել այդ թիվը, բայց ցանկություն ունենք ավելացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031