«Ինչպե՞ս կարելի է ապահովագրության ԱՊՊԱ կտրոնը չփակցրածի տուգանքը չներել, իսկ այն մարդիկ, որոնք 200 կմ/ժ արագությամբ են երթեւեկել, ներենք, ո՞րն է դրա արդարությունը»,-այսօր ԱԺ արտահերթ նիստում «Վարչական իրավախախտումների համար կիրառված համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է, որ 2012-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական որոշ իրավախախտումների համար կիրառված տուգանքը ներել: Համաներումից կօգտվի շուրջ 150 հազար իրավախախտ:
Ըստ Մախմուդյանի, այս կառավարությունը համաներման իր մշակած ակտը ընդօրինակել եւ վերցրել է նախկին կառավարության կողմից 2012-ին կիրառած համաներման ակտից, բայց պետք է գիտակցել, որ վիճակագրական տվյալները շատ կարեւոր են, պետք է ձեռքի տակ թվական տվյալներ լիներ, որ տեսնեին՝ դրանց մեջից որքա՞նն է անհուսալի:
Մախմուդյանն ասաց, որ կառավարության նախագծում սահմանված բացառությունները պետք է վերանայվեն: Հա, ասենք, հարբած վիճակում տրանսպորտային միջոց վարողի տուգանքը չներեն, բայց ոստիկանի կողմից «կանգ առ» հրամանին չենթարկվողին ինչո՞ւ չներեն, չէ՞ որ չի բացառվում, որ մարդը մտքերով ընկնի, չնկատի ոստիկանին ու չկանգնի. «Եթե համաներում ենք անում, իր մաշկի վրա ժողովուրդն այդ համաներումը պետք է զգա»:
«Ծառուկյան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանն ասաց կառավարությանը՝ մտածեք չարաբաստիկ կարմիր գծերից ազատվելու մասին. «Կամ՝ ի՞նչ է նշանակում 50 սմ առաջ կանգնելու համար տուգանել 5000 դրամ, եկեք դրա մասին մտածենք, մեր երկրում տուգանքները համահունչ չեն բնակչության կենսամակարդակին»: Նա առաջարկեց, որ կառավարությունը հիմնովին վերանայի իր տուգանային քաղաքականությունը: Ըստ նրա, նախընտրական քարոզարշավներին բոլոր քաղաքական ուժերն ասում էին, որ տիրապետում են բյուջեն լցնելու լավ միջոցների, գաղափարների, ուստի բյուջեն կարող են այլ կերպ լցնել, ինչպես խոստացել են:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց, որ համաներումը տարածվի մինչեւ մայիսի 1-ը խախտում արածների համար, բայց, ըստ նրա, համաներում այս կառավարությունը պետք է առաջնահերթ հայտարարեր քրեական գործերի մասով, որովհետեւ մարդիկ կան, որոնք հանիրավի են դատապարտվել նախկին իշխանությունների օրոք:
ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանն ասաց, որ համաներումը մարդասիրական ակտ է, շատ մարդկանց սոցիալական բեռն է թեթեւանում, բայց համաներումը պետք է լինի առավելապես հիմնավոր: Նա նշեց, որ Քրեական օրենսգրքում է սահմանվել համաներումը, բայց վարչական իրավախախտումների համար սահմանված չէ: Ըստ Նահապետյանի, սա քաղաքական ակցիա է՝ նոր կառավարության կողմից:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագիծը դրական է եւ խորհրդարանը, բնականաբար, կողմ է քվեարկելու նախագծին: Բայց, ըստ նրա, հասկանալի չէ, թե ո՞նց է որոշվելու, որ այդ մարդիկ չեն կարողանում մուծել տուգանքները:
Այս հարցադրումների հետ կապված քննարկումը կկազմակերպվի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ