Լրահոս
Օրվա լրահոսը

«Սթափվե՛ք, կապ չունի, թե դուք ով եք, ինչքան փող ունեք կամ ում լավ ախպոր լավ ախպերն եք». Ալեն Սիմոնյանի կոչը

Հուլիս 11,2018 14:13

«Նախագիծը լավն է, բայց կիսատ, իսկ ցանկացած կիսատ բան կարող է դառնալ վատ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում «Վարչական իրավախախտումների համար կիրառված համաներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է, որ 2012-ից մինչեւ 2017-ի դեկտեմբերի 31-ը կատարված վարչական որոշ իրավախախտումների համար կիրառված տուգանքը ներել: Համաներումից կօգտվի շուրջ 150 հազար իրավախախտ:

Բաբուխանյանն ասաց. «Այնպես չինի, որ այն քաղաքացիները, ովքեր օրինապաշտ են, բարեխիղճ են, իրենց զգան հիմարի դերում: 150 հազար հոգուն ներում ենք՝ լավ ենք անում, բա էն մի միլիոնը, որը վճարել է տուգանքները, ինչի՞ պետք է հիմարացված վիճակում լինի: Հետեւաբար առաջարկում եմ օրենքի մեջ դրույթ մտցնել, որը կվերացնի այդ հակասահմանադրական դրույթը, որով քաղաքացիները կլինեն հավասար: Հետեւաբար առաջարկում եմ մտցնել վաուչերի գաղափարը՝ այն քաղաքացիները, ովքեր կներկայացնեն իրենց վճարումները, տան վաուչեր, ապագայում հենց ինքը տուգանք արեց, այդ վաուչերից նվազեցվի, չվճարի: Օրինակ, ես վճարել եմ տուգանք 100 հազար դրամի,, ինձ տրվում է 100 հազարի վաուչեր, երբ որ ես խախտում եմ անում 20 հազարի, այդ 100 հազարի վաուչերից նվազեցվի»:

Բաբուխանյանն առաջարկեց նաեւ առաջին անգամ խախտումն անողներին էլ ներել, ըստ նրա, մարդիկ ի վիճակի չեն վճարել, տուգանքների չափը մեծ է. «200-300 հազարի տուգանք կա, մարդը թոշակառու է, 20-30 հազար դրամ թոշակ է ստանում, որտեղի՞ց տա էդ տուգանքը, մեքենան էլ ծախի՝ չի կարող տալ»:

Նա նաեւ բողոքեց. «Չեմ հասկանում, կարմիր գծերի տուգանքները ինչի՞ չեն մտել այդ համաներման մեջ: Մենք բոլորս լսել ենք, թե ինչքան են այդ կարմիր գծերը պախարակվել, ինչքան վատ է դա, մի հեղափոխություն կատարվեց այդ կարմիր գծերի համար: Ես կանգնեցրել եմ մեքենան, 15 րոպե կանգնել եմ, 16-րդ րոպեի համար վճարել եմ էդ կարմիր գծերի համար: Ասում է՝ 15-րդ րոպեի վերջում պետք է վճարեիր, երբ 16-րդ րոպեի առաջին վայրկյանը գնաց, դու արդեն պիտի տուգանվես»:

«Ելքի» պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախագիծը վերաբերում է այն տուգանքներին, որոնք չեն վճարելու ու դա մեծ բեռ է, այդ տուգանքի պատճառով մարդիկ չեն կարողանում գնալ ու ապառիկով խանութից մի հեռախոս անգամ գնեն, ի վիճակի չեն էլ վճարելու: Սա արվում է նրա համար, որ այդ մարդկանց երկրորդ շանսը տան. «Ես իմ տուգանքները վճարել եմ, որեւէ ձեւով ինձ նսեմացված չեմ զգում, որովհետեւ կարողացել եմ՝ վճարել եմ: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում վճարել եւ դրա պատճառով արտագաղթում են, չեն կարողանում իրենց երեխայի համար ապառիկով հեռախոս վերցնեն՝ ներվում են: Ես դրա հետ խնդիր չունեմ»:

Իսկ առհասարակ համաներման հետ կապված Ալեն Սիմոնյանն ասաց, որ երբ շարժումը սկսվում էր, հեղափոխության օրերին մարդկանց հետ շփվելով՝ նրանց աչքերում տեսել են, որ արդեն իշխանափոխություն է տեղի ունեցել. «Չինովնիկները՝ Սերժ Սարգսյանը Սասուն Միքայելյան ու Նիկոլ Փաշինյան էր ձերբակալում, նույն Կարեն Կարապետյանը, որը կոնտրռեւոլյուցիա էր անում մի քանի օր անց, չէին զգում դա, որովհետեւ իրականության հետ կապը կտրվել էր այդ մարդկանց: Այսօր դեռ մնացել են մարդիկ, որոնք չեն հասկանում, որ կարեւոր չի, թե ինչքան փող ունես կամ ում լավ ախպոր լավ ախպերն ես, դու պատժվելու ես: Ես ձեզ վստահեցնում եմ, այդ մարդկանց նույնպես դիմում եմ՝ դրա հետ կապված էս շենքում համաներում չի՛ լինելու: Սթափվե՛ք, կապ չունի, թե դուք ով եք, ինչքան փող ունեք կամ ում լավ ախպոր լավ ախպերն եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031