Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարոն Մարգարյանի կառչելը աթոռից եւ իրավիճակին չտիրապետելը ակնհայտ են»

Հուլիս 11,2018 15:30

Պատգամավորները՝ Երեւանի քաղաքապետի հրաժարականի մասին

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Առավոտի» հետ զրույցում խոսելով Երեւանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին՝ ասաց. «Իմ ունեցած տեղեկություններով՝ նաեւ զանգահարել են տարբեր թաղապետարանների աշխատակիցներին եւ հորդորել են, որ նրանք նույնպես հրաժարական ներկայացնեն Տարոն Մարգարյանի հետ մեկտեղ: Այդ պարագայում զարմանալի է, թե ինչու Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո ինքը չհեռացավ: Ուշ է ընկալել իրավիճակը… Եթե հրաժարական պիտի տար, կարող էր դա անել թիմի հետ համատեղ, այլ ոչ թե առանձին-առանձին»:

Դիտարկմանը՝ խոսակցություններ կան, որ վարչապետի ճնշման ներքո է հիմա հրաժարական տվել Տարոն Մարգարյանը, որովհետեւ ժողովրդական ընդվզումները, տարբեր բողոքի ցույցերը չստիպեցին նրան հրաժարական տալ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Վարչապետը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որեւիցե քայլ չեն ձեռնարկել: Կազմակերպիչները ՀԿ-ներ եւ ակտիվիստներ են եղել, ուստի ես չեմ կարծում, որ ճնշում է եղել, ակնհայտ երեւում է, որ ճնշում գործադրելու լինեին՝ սկզբից կգործադրեին»:
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Տարոն Մարգարյանը իրավիճակին չէր տիրապետում հեղափոխությունից հետո, չէր հասկանում՝ ինչ է կատարվում. «Մի զրույցի ժամանակ նույնիսկ ինձ ասաց՝ մենք ոստիկանին փող ենք տալիս, ինձ բողոքելով ասում էր, ես հեսա տես՝ ոստիկաններին նկատողություն եմ անելու, չէ՞ որ մենք իրեն վճարում ենք, չէր ընկալում, որ այլեւս իրենք չեն վճարում, վճարում է պետությունը: Մի խոսքով՝ պատճառը իրավիճակին չտիրապետելն է, այնինչ այս վերջին երկու ամիսների ընթացքում ամենաառաջին օրվանից իրադարձությունների պատճառը կտրված լինելն էր ՀՀ քաղաքացիներից եւ իրավիճակից»:

Հարցին՝ Դուք այս պահին քաղաքապետի թեկնածու տեսնո՞ւմ եք, նա պատասխանեց. «Ես միանշանակ կարող եմ միայն մի բան ասել, որ այդ թեկնածուն պետք է ընտրվի Երեւան քաղաքում, ընտրություններ պետք է լինեն: Թե ով կլինի՝ չեմ կարող ասել, մեր կուսակցությունում քննարկում կլինի, թեկնածուներ կառաջադրվեն, կարծում եմ՝ կուսակցությունը ընտրություն կկատարի, եւ թեկնածուին դուք էլ, ես էլ միեւնույն ժամանակ կիմանանք»:

Հարցին՝ Դուք մտադիր չե՞ք առաջադրվել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այն ժամանակ, երբ ես ավագանու անդամ էի, ես կարող էի եւ ճգնաժամային իրավիճակում միգուցե լուծում լինեի, բայց հիմա արդեն որոշում կկայացնենք, որովհետեւ ԱԺ-ում էլ շատ անելիքներ կան, եւ ես ինձ կոմֆորտ եմ զգում, տեսնենք՝ ոնց կորոշի կուսակցությունը»:

Լուրեր պտտվեցին, որ կին քաղաքապետ ենք ունենալու, Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Ես չգիտեմ՝ ով է դրել դա շրջանառության մեջ, համենայնդեպս, նման քննարկում՝ կին, տղամարդ, բոյով, կոլոտ, գեր թե նիհար չի եղել»:

Տարոն Մարգարյանի հրաժարականին կարո՞ղ էին նպաստել ԱԱԾ-ի բացահայտումները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Իսկ ինքը չգիտե՞ր, թե ինքը ինչեր էր արել, ինձ թվում է՝ ինքը բոլորից լավ գիտեր իրեն ինչում կարող են մեղադրել իրավապահ մարմինները: Կարծում եմ՝ ինքը շուտ գիտեր դրա մասին, երեկ չէր, որ իմացավ: Ամեն դեպքում, իր կառչելը աթոռից եւ իրավիճակին չտիրապետելը ակնհայտ են»:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը մեր հարցին՝ 2 ամսից ավելի է անցել, ինչ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, իշխանափոխություն է եղել, ու դրանից անմիջապես հետո հնչել է Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջ, նա այն ժամանակ ասում էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ի՞նչը ստիպեց գնալ այդ քայլին հիմա, պատասխանեց. «Գոյություն ունի քաղաքական տրամաբանություն, երբ որ երկրում իշխանություն է փոխվել, իսկ 60 տոկոս տնտեսության կառավարիչը մեկ այլ ուժից է, հնարավոր է, որ նա ուղղակի թիմային հրաժարականների ֆոնին իր թիմի հետ հեռանում է, որը էլի նորմալ է, քաղաքական որոշում է»:

Հարցին՝ այսինքն՝ Տարոն Մարգարյանը դեռ չէ՞ր գիտակցում, որ իրավիճակ է փոխվել եւ իր թիմի հետ պետք է հեռանա, Մարուքյանը պատասխանեց. «Չգիտեմ, կարող է ծանր ու թեթեւ էր անում, կարող է ինչ-որ ծրագրեր ուներ, ուզում էր ավարտել, նոր հրաժարական տար, ինչ իմանամ: Ամեն դեպքում, ես այդ տրամաբանության մեջ եմ տեսնում հրաժարականը»:

Շրջանառվում է, որ ԱԱԾ-ի հայտնաբերած որոշ գործերում շոշափվում է Տարոն Մարգարյանի անունը, սա կարո՞ղ էր ստիպող հանգամանք հանդիսանալ նրա հրաժարականի համար՝ պարոն Մարուքյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ բան կա, որը քրեորեն հետապնդելի արարք է, հրաժարականն այդ հարցը չի լուծում: Ներկա քրեական գործերն ընթացքի մեջ են, եւ բոլորը պատասխան են տալու իրենց արածների համար: Ես չեմ կարող ասել՝ Տարոն Մարգարյանը որեւէ գործով անցնո՞ւմ է, թե՞ ոչ, ես չունեմ նման տեղեկություն: Բայց որեւէ մեկի հրաժարականը չի կարող արդարացում լինել մինչ հրաժարականը տեղի ունեցած չարաշահման համար: Դա ինդուլգենցիա չի իր կատարած գործերի համար: Եթե այդտեղ կա քրեորեն հետապնդելի արարք, բնականաբար, ընթացք կլինի»:

Հարցին՝ դուք ունե՞ք քաղաքապետի թեկնածու, նա պատասխանեց. «Ես չեմ կարող անուններ տալ, որովհետեւ հիմա կոռեկտ չի լինի քննարկումից առաջ, բայց կլինի քննարկում, կլինի որոշում՝ կասենք»: Նա ասաց, որ ունեն աչքի առաջ իրենց պատկերացրած քաղաքապետի թեկնածու, ընդ որում՝ ոչ մեկը. «5-ից ավելի կարող եմ ասել»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ինչ-որ պահի Տարոն Մարգարյանին կհետեւեն նաեւ թաղապետերը եւ նրա հետ կմիանան հեռացող թիմին. «Չի բացառվում, որ մինչեւ ընտրությունները մնան, ամեն դեպքում արդեն ակնհայտ է դառնում, որ թիմը հեռանում է, փոփոխություններ են սկսվում նաեւ Երեւան քաղաքում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ կարծում է, որ եթե ՀՀԿ-ն իշխանությունից զրկվել է, դա պետք է վերաբերի բոլորին անխտիր. «Տարոն Մարգարյանի սխալն այն էր, որ ժամանակին պետք է իր քաղաքական թիմի հետ հրաժարական տար ու հեռանար: Այդպես պետք էր անել, եթե չես անում՝ բացատրում են, հորդորում են… Անխուսափելի էր հրաժարականը: Երկրորդ օրը քաղաքապետարանի աշխատակիցները հարցով դիմել են ինձ, որ ի՞նչ պետք է անենք, ասել եմ, որ բոլորդ դիմումները հրաժարականով ներկայացրեք, որովհետեւ որեւէ կերպ հնարավոր չի շարունակել ձեր իշխանությունը, երբ ձեր քաղաքական ուժն այլեւս պարտություն է կրել: Թաղապետերն էլ պետք է հրաժարական գրեն, որովհետեւ չես կարող այլ կերպ, քո քաղաքական ուժի հետ դու ճանապարհ ես գնացել, այդ քաղաքական ուժի օժանդակությամբ եւ գաղափարներով հաղթել ես, հիմա հայտարարվել է այդ քաղաքական ուժի պարտությունը: ՀՀԿ-ն կորցրել է իր իշխանությունը, ուրեմն պետք է լինել նաեւ բարեխիղճ եւ հայտնել հրաժարականի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

11.07.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031