«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը «Առավոտի» հարցին՝ հաշվի առնելով, որ Երեւան քաղաքը լուրջ ռեսուրս ունի, քաղաքապետի պաշտոնից հրաժարվելը ՀՀԿ-ի համար հերթական նահա՞նջն էր, պատասխանեց. «Վերջին ֆորպոստն էր՝ մեծ հաշվով: Սա նահանջ չի, սա իրողությունների արձանագրում է: Ես վստահ եմ, որ իրենք չեն էլ կարողանալու մասնակցել ընտրություններին, իրենք չեն մասնակցելու քաղաքապետի ընտրություններին: Չունեն ոչ այդ ռեսուրսը, ոչ մարդկանց սատարումը, ոչ էլ թեկնածու, ումո՞վ են մասնակցելու, ո՞վ է լինելու թեկնածու: Իրենք թեկնածու չունեն, իրենք նույնիսկ Ազգային ժողովի թեկնածու չունեն միասնական, ո՞վ է լինելու առաջին համարը»:
Մեր արձագանքին, որ, ասենք, կարող է լինել Վիգեն Սարգսյանը, Ալեն Սիմոնյանը հակադարձեց. «Չի կարող նա լինել միասնական թեկնածու, էդ կլինի ինչ-որ թեւի թեկնածու: Տարոն Մարգարյանի թեւին դա ձե՞ռք է տալու, իսկ Բեգլարյան Գագիկի թեւի՞ն, իսկ Սերժ Սարգսյանի թեւի՞ն, իսկ Միքայել Մինասյանի թեւի՞ն՝ պատգամավորներով հանդերձ»:
Մենք ճշտեցինք՝ կարծում եք, իրենք միասնական թի՞մ չեն այլեւս, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, իհարկե միասնական չեն, դա ակնհայտ է»:
«Առավոտ» օրաթերթ
11.07.2018