Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանը:
Նրա համար այսօր անձնական երաշխավորագիր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը՝ փաստելով, որ գտնվելով ազատության մեջ՝ Ավետիսյանը պատշաճ կներկայանա դատավարությանը:
Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու, շենք-շինություններ զավթելու, պատանդառություն կատարելու մեղադրանքից բացի, խմբի անդամներից երկուսին՝ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին նաեւ ոստիկանների սպանության մեղադրանք է առաջադրված, իսկ Մխիթար Ավետիսյանը նաեւ ուրիշի գույք հափշտակելու համար է մեղադրվում (ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատը, ըստ քրեական գործի նյութերի, հափշտակված է եղել):
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(լուսանկարում ձախից՝ Մխիթար Ավետիսյանը, Սմբատ Բարսեղյանն ու Սեդրակ Նազարյանը)