ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականը պայմանավորում է ներկա քաղաքական գործընթացներով: «Քաղաքապետարանը կարծես վերջին մնացած «Բաստիլն» էր: Ճիշտ էր հրաժարականի որոշումը: Նոր Հայաստանում նոր էջից պետք է սկսենք: ՀՀԿ-ի թիմը պարտվել էր եւ ամբողջապես պետք է հեռանար»,-Aravot.am-ի եւ News.am-ի հետ զրույցում այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ նկատեց՝ ՀՀԿ-ին ժողովուրդը արդեն իսկ վերաբերմունք է ցույց տվել. «Քաղաքական առումով տեղին է, որպեսզի պատասխանատու պաշտոններ զբաղեցնողները հեռանան իրենց քաղաքական թիմի հետ միասին»:
Էնֆիաջյանը համոզմունք հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքը հանրության վստահությունը վայելող կադրեր ունի. «Չկա այնպիսի քաղաքական կարգավիճակ, որի պարագայում մենք թեկնածու չունենանք»:
Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց՝ արդեն քաղաքական որոշում են կայացրել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու. «Կարծում եմ՝ դրանք կլինեն արտահերթ կարգով: Իսկ թե ով կգլխավորի ԲՀԿ-ի համամասնական ցուցակը, պարզ կլինի առաջիկա օրերին կայանալիք քննարկումներում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ